2011թ. գրանցվել է թմրանյութերի հետ կապված 1525 իրավախախտում

2011թ. գրանցվել է թմրանյութերի հետ կապված 1525 իրավախախտում

PanARMENIAN.Net - ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «2011թ.-ի ներկայացված ուսումնասիրությունները մեզ հիմք են տալիս պնդելու, որ մենք ունենք կայունության դրսևորում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում: Գրանցված իրավախախտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ անցած տարի գրանցվել է 1525 դեպք, և նախորդ տարվա համեմատ աճ չի արձանագրվել, եթե առգրավվել է 128կգ թմրանյութ, ապա նախորդ տարվա հետ կապված որևիցե բացասական դինամիկա մենք չունենք: Աճի բացակայությունն այս ոլորտում կատարվող իրավախախտումների արդեն իսկ դրական է, բայց մենք պետք է քայլեր գործադրենք, որ նրանց ծավալները հետևողականորեն նվազեն: Ես կարծում եմ, որ միջգերատեսչական հանձնաժողովն այս ուղղությամբ ունի ասելիք և անելիք, և մենք պետք է կարողանանք ակտիվ աշխատել»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանդես են եկել ՀՀ նախագահի համապատասխան կարգադրությամբ հաստատված «2009-2012թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի»` իրենց գերատեսչության մասով իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով: Բանախոսները փաստել են, որ 2011թ. ըստ ժամանակացույցի հաջողությամբ իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:

Քննարկվել է Եվրամիության ֆինանսավորմամբ սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական աջակցություն տրամադրող վերականգնողական կենտրոնների ստեղծման ծրագիրը, որը մշակվել է մի շարք երկրների փորձի և օրենսդրության ուսումնասիրության արդյունքում: Կենտրոնները կնպաստեն թմրամոլության հակում ունեցող անձանց հասարակական կյանքում ինտեգրվելու, մասնագիտական վերապատրաստումներով և աշխատանքով ապահովելու խնդիրների լուծմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---