7 մարտի 2012 - 18:24 AMT
Օլիվյե Դեկամպ. Հայաստանի գործարար միջավայրը գրավիչ հիմք է ստեղծում համագործակցության համար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հարավ-Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի և Կովկասյան երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպի գլխավորած պատվիրակությանը, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

ԿԲ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ գործունեությունը, նշելով, որ Հայաստանում իր գործունեության առաջին օրից այն մեծ դեր է ունեցել մեր երկրի տնտեսության կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացնելով տնտեսության իրական հատվածում՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ, մունիցիպալ և բնապահպանական ենթակառուցվածքներ, հեռահաղորդակցություն, և ֆինանսական ոլորտում:

Պարոն Դեկամպը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաև Հայաստանի և ՎԶԵԲ միջև վերջին տարիներին ծավալված համագործակցության համար: Նա բարձր է գնահատել ֆինանսական հատվածում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը և ողջունել ԿԲ ջանքերը՝ ուղղված ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանը: Նա նշել է, որ Հայաստանի գործարար միջավայրը և ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը գրավիչ հիմք են ստեղծում ներկայիս համագործակցության հետագա խորացման համար: Օլիվյե Դեկամպը ներկայացրել է ՎԶԵԲ Հայաստանի ռազմավարությունը և գերակա ուղղությունները:

Պարոն Ջավադյանը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում, և ասել, որ Հայաստանի կենտրոնական բանկը պատրաստակամ է շարունակել երկկողմ համագործակցությունը նույն կառուցողական ոճով: