7 մարտի 2012 - 18:39 AMT
ՎԶԵԲ-ը 3 ենթակառուցվածքային ծրագիր կիրականացնի մարզերում

ՎԶԵԲ-ը մտադիր է իր փորձը կիրառել Հայաստանի մարզպետարաններում, որպեսզի իրենց գործունեությունը առևտրային դառնա ու թափանցիկ լինի բնակչությանը որակյալ ծառայությունների տրամադրման հարցում: Այդ մասին մարտի 7-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի տարածքում ՎԶԵԲ գլխավոր տնօրեն Օլիվիե Դեկամպը:

Նա հիշեցրել է, որ 2012-2015թթ. բանկի նոր ռազմավարությունը Հայաստանում հիմնված է նույն դրությների վրա՝ նպաստելու երկրի կայուն զարգացմանը, ֆինանսական սեգմենտի և մասնավոր սեկտորի ամրապնդմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ագրոբիզնեսին, արտահանող և լեռնահանքային արդյունաբերության ընկերություններին, ինչպես նաև ՏԻՄ տնօրինության տակ գտնվող ենթակառուցվածքների՝ ջրամատակարարում, աղբահանություն, հասարակական տրանսպորտ, բարելավմանը:

Իր հերթին ՎԶԵԲ ղեկավար Վալերիու Ռազլոգը հավելել է, որ 2012թ. բանկը մտադիր է ստորագրել երեք ենթակառուցվածքային ծրագրեր երկրի մարզերում:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բարձրաստիճան ներկայացուցիչները գտնվում են Հայաստանում` երկրի տնտեսության և ՎԶԵԲ-ի սպասելիք դերի մասին թարմ ինֆորմացիա ստանալու համար: