7 մարտի 2012 - 19:23 AMT
Շուշան Պետրոսյան. «Եվրատեսիլ 2012»-ին չմասնակցելով` արհամարհում ենք Ադրբեջանին

Երգչուհի Շուշան Պետրոսյանը ուրախ է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցելու Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Երգուհին ապշում է, երբ մարդիկ կողմ են արտահայտվում Բաքու գնալուն, և հարցնում, արդյո՞ք նրանք իրենց որդիներին կամ եղբայրներին կուղարկեն Բաքու: Նա նաև նշեց, որ Հայաստանը, չմասնակցելով այդ մրցույթին, արհամարհում է թշնամուն:

Նա նաև հիշեցրեց, որ Ֆիլիպ Կիրկորովի նման մեկին, ով նույնիսկ իրեն հայ չի համարում, չեն թույլատրել համերգ տալ Բաքվում, ցույց է տալիս ադրբեջանցիների ագրեսիվ վերաբերմունքը մեր ազգի նկատմամբ: Պետրոսյանի խոսքով պատերազմը դեռ ավարտված չէ, և անընդհատ թշնամին խախտում է հրադադարը և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դահլիճից մի ագրեսիվ մարդ չի վնասի մեր ներկայացուցչին:

Հիշեցնենք, որ հայ էստրադային երգիչները բոյկոտում էին մրցույթը, և չեն ցանկանում գնալ Բաքու: Փոխարենը մի քանի օտարազգիներ ցանկանում էին ներկայացնել Հայաստանն այդ մրցույթում: Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը և չանցավ եզրափակիչ փուլ: Հայաստանը մի քանի ամիս որոշում էր, մասնակցե՞լ Բաքվում կայանալիք մրցույթին, թե ոչ:

Հանրային հեռուստաընկերությունը Բաքվից և Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) անվտանգության լուրջ երաշխիքներ էր պահանջում:

Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է: Այնուամենայնիվ EBU-ն հայտնեց, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մրցույթին:

«Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 22-ին և 24-ին, եզրափակիչը` մայիսի 26-ին: