Ի՞նչ են պատրաստվում նվիրել հայ տղամարդիկ իրենց սիրելիներին Կանանց միջազգային օրվա առթիվ

Ի՞նչ են պատրաստվում նվիրել հայ տղամարդիկ իրենց սիրելիներին Կանանց միջազգային օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Ի՞նչ են հայ տղամարդիկ նվիրում իրենց մայրերին ու սիրելի կանանց մարտի 8-ի կապակցությամբ:

PanARMENIAN.Net ի թղթակիցը շրջել է Երևանի փողոցներում, փորձել պարզել այս հարցի պատասխանները, և իհարկե, գերակշռել են ծաղիկներ նվիրել պատրաստվողները:

16 տարեկան Դավիթ Վարդանյանն օրինակ որոշել է ընկերուհու համար ծաղիկներ ու շոկոլադ գնել, իսկ մայրիկի համար, ինչպես միշտ, ծաղիկներ: Կիբեռնետիկ Հակոբ Գասպարյանն էլ ծաղիկների հետ կնվիրի նաև փափուկ խաղալիք:

«Այս անգամ որոշել եմ բնական մրգերից կոմպոզիցիա նվիրել ընկերուհուս, համ համեղ կլինի, համ գեղեցիկ»,- իր անակնկալի մասին պատմել է 22-ամյա վարսահարդար Մխիթար Աբրահամյանը:

Իսկ 42-ամյա ատամնաբույժ Վահագ Ամիրխանյանը կնոջը հրավիրել է Ծաղկաձոր՝ հանգստանալու, և իհարկե չի մոռանա ծաղիկների մասին: Գրիգոր Սարգսյանը (25 տարեկան, տնտեսագետ) չակերտները չբացեց, սակայն խոստացավ ընկերուհուն անմոռաց օր ու շատ կարմիր վարդեր նվիրել:

Հարցվածների մի մասն էլ դեռ չեն կողմնորոշվել կամ սպասում են սիրելիի ցանկությանը. «Դեռ չեմ որոշել, բայց կնվիրեմ հաճելի և օգտակար մի բան` ինչ այս պահին անհրաժեշտ է սիրելիիս»,- PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ Արաբաչյանը, 22 տարեկան, ինժեներ:

Իսկ 19-ամյա Կարեն Դավթյանը հաստատ որոշել է օծանելիք նվիրել, բայց ոչ միայն օծանելիք. «Նվիրելու եմ սիրելիիս լրացնող մի գեղեցիկ բուրմունք, նուրբ համբույր ու երգեր»:

Սակայն կան նաև ավելի օրիգինալ ու նաև շատ ավելի թանկարժեք ընծաներ նվիրել պատրաստվողներ: 20-ամյա կենսաբան Գևորգ Սուլխանյանն, օրինակ, որոշել է ընկերուհուն ուրախացնել և տոնի առթիվ իր մազերը կտրել: Նա վստահեցնում է, որ ընկերուհին դրանից շատ կուրախանա:

37 տարեկան ծրագրավորող Վահե Համբարձումյանն առավել առատաձեռն է: Նա պատրաստվում է կնոջը մեքենա նվիրել. «Կարծում եմ՝ նա հենց դրան է անհամբեր սպասում»:

«Կնոջս համար անակնկալ ունեմ. տուն եմ գնել, իրեն նվեր եմ անելու. մարտի ութին բանալիներն ու մի մեծ ծաղկեփունջ կնվիրեմ»,- անակնկալը բացել է գործարար Սահակ Աղաբաբյանը: Դերասան Հովհաննես Բաբախանյանն էլ կնոջը կուրախացնի Լոս Անջելոս-Երևան օդանավի տոմս նվիրելով:

Ֆիզիկոս Արմեն Մանուկյանը խոստացավ ջերմ խոսքեր նվիրել իր շրջապատի կանանց, իսկ Էդուարդ Մելքումյանը մայրիկին գիրք կնվիրի:

Իսկ ի՞նչ են ցանկանում կանայք: Մանկավարժ Լեյլի Աղաբաբյանն, օրինակ, ցանկանում է, որ ամուսինն իրեն ոսկե ականջօղեր նվիրի, իսկ բուժքույր Նոնա Շաքարյանը՝ ծաղիկներ և գեղեցիկ ներքնաշոր: Ուսանողուհի Ելենա Թորոսյանը շատ լավ, թանկ ժամացույց է երազում, իսկ տնային տնտեսուհի Մարգարիտա Սարգսյանը՝ նոր սառնարան: Մանկավարժ Գայանե Հարությունյանն էլ դեմ չէր լինի, եթե ամուսինն իրեն ուղեգիր նվիրեր՝ դեպի ցանկացած եվրոպական երկիր:

PanARMENIAN.Net ը սրտանց շնորհավորում է բոլոր կանանց ու աղջիկներին Կանանց միջազգային օրվա առթիվ: Մաղթում ենք շատ արևներ ու ժպիտներ, երջանկություն ու ներդաշնակություն: Եվ հիշեցնում ենք՝ ապագան եռագույն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---