10 մարտի 2012 - 13:44 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ նախագահը կարևորել է այն ուղին, որով ընթացավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունն ի սկզբանե ուներ զարգացման երկու ճանապարհ, որոնցից առաջինով, ինչն ընդունելի էր և Հայաստանի և միջազգային հանրության համար, այն չզարգացավ և Հայաստան-Թուրքիա սահմանը դեռ մնում է փակ: ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Միևնույն ժամանակ նա արձանագրեց, որ երկրորդ ճանապարհը, որով զարգացավ այդ նախաձեռնությունը, նույնպես կարևոր էր` մի քանի պատճառով:

«Առաջինը` ինչպես հստակ ցույց տվեցին վերջին իրադարձությունները, ամրապնդեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, երկրորդը` թույլ տվեց ամբողջ աշխարհին համոզվելու, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու միակ խոչընդոտը Անկարայում և մեկ այլ` իրեն մեջ գցող մայրաքաղաքում է, բայց ոչ Երևանում, և երրորդը` պարտադրեց Թուրքիային ստորագրել միջազգային փաստաթուղթ, որը բացառում է հարաբերություններ հաստատելու որևէ նախապայման»,- նշեց երկրի ղեկավարն ու ընդգծեց, որ չի նշում` ինչ նախապայման, քանի որ բոլորն էլ դրանից շատ լավ տեղյակ են:

Ամփոփելով` նախագահը նշեց, որ այս օրինակն ապացուցում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը եղել է խիստ սկզբունքային և հաշվարկված: «Հետագայում ևս մենք հավատարիմ ենք լինելու այդ ուղեգծին: Շարունակելու ենք բարեխղճորեն կատարել մեր դաշնակցային և միջազգային պարտավորությունները, օգտագործելու ենք յուրաքանչյուր հնարավորություն միջազգային ներգրավմամբ մեր ազգային շահերն առաջ մղելու համար»,- վստահեցրել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ