10 մարտի 2012 - 15:01 AMT
Սերժ Սարգսյան. Հայաստանին հաջողվեց ամրապնդել պետության իմունային համակարգը

Մենք դիմակայեցինք ծանր փորձությանը` մեր պետության իմունային համակարգը ևս մեկ աստիճանով ամրացնելով: Հասցրեցինք արդյունքներ էլ գրանցել, որոնք ինչ-որ բան նշանակում են: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 13-րդ համագումարում:

Նախագահը նշել է, որ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2011 թվականին կազմել է մոտ 3174 ԱՄՆ դոլար 2006 թվականի 1982 ԱՄՆ դոլարի դիմաց` աճելով 1.6 անգամ: Այս ցուցանիշն ինձ համար բավարար ցուցանիշ չէ: Նույնիսկ ամոթալի ցուցանիշ է, որովհետև այսօր քաղաքակիրթ երկրներում մեկ շնչին հասնում է 30-ից մինչ 50 հազար ԱՄՆ դոլար ՀՆԱ: Բայց, ինչպես և մենք մշտապես ասել ենք և պայմանավորվել ենք, ամեն ինչը պետք է դիտարկենք միայն ու միայն համեմատության մեջ, հակառակ պարագայում հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է դատավորը: Այս ցուցանիշը միջազգայնորեն համադրելի գներով մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 2011 թվականին կազմել է մոտ 5395 ԱՄՆ դոլար:

Հաջողվել է վերականգնել ճգնաժամի հետևանքով կորցրած աշխատատեղերի քանակն ու առաջ գնալ: Կորցրածը վերականգնելուց բացի հնարավոր է եղել զբաղվածների թիվն այս ժամանակահատվածում ավելացնել շուրջ 18 հազարով: Վերջին 5 տարիների ընթացքում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 1.8 անգամ, իսկ իրական արտահայտությամբ 40.4 տոկոսով` 63.9 հազար դրամից հասնելով 115.3 հազար դրամի, ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, ապրանքների և ծառայությունների արտահանումը 2011 թվականին 2006 թվականի նկատմամբ աճել է 1.6 անգամ` կազմելով 2,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Համեմատության համար ասեմ, որ դա ավելին է, քան Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը, այսինքն ապրանքների և ծառայությունների ողջ արտադրությունը, 2002 թվականին:

Նույն 5 տարիների ընթացքում բնակչության և տնտեսավարողների խնայողությունների հաշվին ձևավորված ավանդներն ավելի քան եռապատկվել են` հասնելով 983 միլիարդ դրամի: Ընդ որում ավանդատուների քանակն այդ ընթացքում ավելացել է 595 հազարով, որոնցից 565 հազարը ֆիզիկական անձինք են` մեր քաղաքացիները:

2006 թվականի 9.2 տոկոսից 2011 թվականի տարեվերջի դրությամբ տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը հասցվել է ՀՆԱ-ի 32.9 տոկոսին: Այստեղ էլ համեմատության համար ասեմ, որ դա ավելին է, քան Հայաստանի Հանրապետության ողջ համախառն ներքին արդյունքը 2001 թվականին:

2011 թվականի արդյունքներով հարկային մուտքեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասցրեցինք ՀՆԱ-ի 20.1 տոկոսի մակարդակին` 5 տարիների ընթացքում բարելավելով 3 տոկոսային կետով: Սա իսկապես լուրջ թիվ է: Նախորդ տարվա ցուցանիշներով բացարձակ մեծությամբ դա մոտ 116 միլիարդ դրամ է նշանակում: Միևնույն ժամանակ մենք նաև հարկային լուրջ արտոնություններ ենք կիրառել բիզնեսի` հատկապես փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, որոնց, այսպես ասած, «բյուջետային գինը» միայն 2011 թվականին կազմել է շուրջ 60 միլիարդ դրամ: Այս երկու բացարձակ թվերը մեկ բանի մասին են խոսում, այն մասին, որ հաջողվել է ստվերից դուրս բերել հարյուրավոր միլիարդ դրամի շրջանառության տնտեսավարում:

Նույն հատվածում սոցիալական ծախսերն ավելացել են 1.9 անգամ, ընդ որում կենսաթոշակների գծով` 2.2 անգամ: Արդյունքում 2.5 անգամ ավելացել են կենսաթոշակի միջին և բազային մակարդակները, 79 տոկոսով` ընտանեկան նպաստի միջին չափը, 7 անգամ` երեխայի խնամքի համար նպաստը, ավելի քան 12 անգամ` 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան նպաստը, ասել է նախագահն իր ելույթում: