10 մարտի 2012 - 15:41 AMT
Դրամատիկական թատրոնը կնշի Գրիգոր Գաբրիելյանի 60-ամյա հոբելյանը

Մարտի 18-ին Երևանի Հր. Ղափլանյանի դրամատիկական թատրոնում նշվելու է սիրված դերասան, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Գրիգոր Գաբրիելյանի 60-ամյա հոբելյանը: Այդ օրը թատրոնում խաղացվելու է Վ. Շեքսպիրի « Հուլիոս Կեսար» ներկայացումը, որն էլ հենց նվիրվելու է դերասանին:

Պետական մրցանակի դափնեկիր Գրիգոր Գաբրիելյանը ծնվել է 1951 թ-ին:

Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Ռ. Ջրբաշյանի արվեստանոցը: Թատրոնի, կինոյի, հեռուստատեսության դերասան է, Դրամատիկական թատրոնում աշխատում է 1975 թվականից: Բոլոր ժամանակների կարևոր դերակատարումներից են`Հայր Լաուրիենտիոսը` «Ռոմեո և Ջուլիետ», Մաշու ` «Վճարովի պատրանք», Կոմանդոր` «Դոն Ժուան», Ռոմանի հայրը` «Արնախումի ընտանիքը», Կեսար` «Հուլիոս Կեսար», Շվեդով Նիկոլայ Վասիլևիչ` «Չեզոք գոտի», Համլետի հոր ուրվական, դերասան` թադավոր բեմական` «Համլետ», Դոն Գրեգորիո` «Ցիանակալիում … կաթով կամ առանց կաթի» և այլն: