10 մարտի 2012 - 15:53 AMT
Հայաստանում հաշվառված է բջջային կապի ավելի քան 3.8 մլն բաժանորդ

Վերջին տարիներին կտրուկ նվազել է բջջային կապի սակագինը, իսկ բջջային բաժանորդների թիվն ավելացել է շուրջ 3 անգամ` կազմելով ավելի քան 3.8 միլիոն: Այս մասին մարտի 10-ին ՀՀԿ 13-րդ համագումարին հայտարարել է ՀՀ նախագահ և կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը :

Ըստ նրա, արդեն 2010 թվականին 1 բնակչի հաշվով շարժական կապի բաժանորդների թվով Հայաստանն ԱՊՀ-ում զիջել է միայն Ռուսաստանին, աշխարհի 210 երկրների մեջ զբաղեցրել 43-րդ տեղը` այդ թվում գերազանցելով իր բոլոր անմիջական հարևաններին: «2007 թվականի 5-ի դիմաց ՀՀ բնակչության ինտերնետ հասանելիությունը 2011 թվականին 100 մարդու հաշվով դարձել է 45, իսկ 2006 թվականի 5.4 միլիոն դրամից 1 մեգաբիթ-վայրկյան ինտերնետ ծառայության մեծածախ գինը նվազել է մինչև 35.6 հազար դրամի, կամ ավելի քան 150 անգամ»,-հավելել է նախագահը: