2011թ ՀՀ արդյունաբերական արտադրանքի տարեկան աճը ԱՊՀ երկրների միջին ցուցանիշը գերազանցել է 2 անգամ

2011թ ՀՀ արդյունաբերական արտադրանքի  տարեկան աճը ԱՊՀ երկրների միջին ցուցանիշը գերազանցել է 2 անգամ

PanARMENIAN.Net - 2007-2011 թվականների ընթացքում արդյունաբերության բնագավառում կատարվել են 226.7 միլիարդ դրամի ներդրումներ: «Արդեն 2011 թվականին Հայաստանի արդյունաբերական թողարկման տարեկան աճը կրկնակի գերազանցել է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշը»,-մարտի 10-ին ՀՀԿ 13-րդ համագումարի ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Ինչպես ընդգծել է նախագահը, 2007-2011 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոքր և միջին ձեռնարկությունների պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացման շրջանակներում տրամադրվել են 1.5 անգամ ավելի միջոցներ, քան 2002-2006 թվականներին: 2002 թվականի համեմատ տասնապատկվել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ինդեքսը:

Հաջողություններ են գրանցվել զբոսաշրջության ոլորտում: «2011 թվականին Հայաստան կատարած զբոսաշրջային այցելությունների թիվը կրկնապատկվել է 2006 թվականի համեմատ` անցնելով 750 հազարի սահմանագիծը»,-հավելել է նախագահը:

Բացի այդ Սարգսյանն առանձնացրել է նաև ճանապարհաշինության և գազամատակարարման ոլորտում իրականացված աշխատանքները: Մասնավորապես, Վերջին հինգ տարիների ընթացքում շուրջ 2 անգամ ավելի ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվել նախորդ հինգ տարիների համեմատ: 2007-2011 թվականներին հանրապետությունում կառուցվել և հիմնանորոգվել է շուրջ 1500 կիլոմետր ճանապարհ:

Գազի բաժանորդների թիվը մոտ 200 հազարով գերազանցում է 2007 թվականի մակարդակը, իսկ խմելու ջրի մատակարարումը օրական 11.18 ժամից 2011 թվականին հասցվել է 16.64 ժամի:

Նույն հատվածում սոցիալական ծախսերն ավելացել են 1.9 անգամ, ընդ որում կենսաթոշակների գծով` 2.2 անգամ: Արդյունքում 2.5 անգամ ավելացել են կենսաթոշակի միջին և բազային մակարդակները, 79 տոկոսով` ընտանեկան նպաստի միջին չափը, 7 անգամ` երեխայի խնամքի համար նպաստը, ավելի քան 12 անգամ` 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան նպաստը:

Առողջապահության և կրթության ոլորտ ուղղվող միջոցներն ավելացվել են 1.5 անգամ: «Գտել ենք գիտությանն ու մշակույթին ուղղվող միջոցների ավելացման նոր հնարավորություններ, ներդրել նոր մեխանիզմներ, որոնց արդյունքները կունենանք արդեն այս տարի: Ընդամենը մեկ օրինակ. արդեն այս տարի միայն բյուջետային միջոցները, որ ծրագրված է ուղղել մշակույթին, շուրջ 65 տոկոսով գերազանցում են այն ծավալները, որ ծրագրված էր 2007 թվականի համար, և կազմում են 15.4 միլիարդ դրամ»,-հավելել է նախագահը:

Նախագահն անդրադարձել է նաև տարածքային զարգացմանը: 2011 թվականին համայնքներին ուղղվող դոտացիաները գերազանցել են 2006 թվականի մակարդակը 2.2 անգամ, 14.7 մլրդ դրամի դիմաց հասնելով 32.5 մլրդ դրամի: Իսկ աղետի գոտում իրականացվող բնակարանաշինության և բնակարանների գնման ծախսերի գծով 2006 թվականին նախորդող երեք տարիների ընթացքում իրականացված 4.1 մլրդ դրամ ծավալով ծրագրերի դիմաց 2009-2011 թվականների ընթացքում կատարվել են 79 մլրդ դրամի աշխատանքներ:

Ավելին, ինչպես հայտնել է Սերժ Սարգսյանը, Վերջին հինգ տարիների ընթացքում մեզ հաջողվել է պոտենցիալ ոռոգելի հողատարածքներն ավելացնել շուրջ 22 հազար հեկտարով, կանխել 2005 թվականից սկսված` հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների նվազման միտումը և շուրջ երկու անգամ ավելացնել բերքատվությունը:

«Սրանք որոշ փաստեր են, որոնք արձանագրում են այն նվաճումները, որոնց հասել ենք երջին տարիների ընթացքում, միևնույն ժամանակ պայքարելով գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի և դրա հետևանքների դեմ»,-նկատել է Հայաստանի նախագահը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---