11 մարտի 2012 - 16:26 AMT
Մեկ տարվա ընթացքում Ճապոնիայում երկրաշարժից տուժածներին օգնության հիմնադրամն ավելի քան 6 մլրդ դոլար է ստացել

2011թ. մարտի 11-ին Ճապոնիայում երկրաշարժից և ցունամիից տուժածներին օգնության հասարակական և կառավարական հիմնադրամներ մեկ տարվա ընթացքում ավելի քան 6 մլրդ դոլար (500 մլրդ իեն) է ուղարկվել, հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները:

Ճապոնական Կարմիր խաչն ու մյուս հիմնադրամները 349,2 մլրդ իեն (4,3 մլրդ դոլար) են ստացել: Անմիջականորեն երեք առավել տուժած պրեֆեկտուրաների՝ Միյագիի, Իվատեի և Ֆուկուսիմայի հաշիվներին և ճապոնական կառավարության հատուկ հաշվին փոխանցվել է 63,4 մլրդ իեն (782 մլն դոլար):

Արտասահմանյան հասարակական կազմակերպություններից և անհատներից օգնությունը կազմել է 56,3 մլրդ իեն (695 մլն դոլար): Քուվեյթի կառավարությունը Ճապոնիային անվճար տրամադրել է 40 մլրդ իենի (493 մլն դոլար) 5 մլն բարրել նավթ: Ներքին շուկայում դրա վաճառքից ստացված միջոցներն ուղղվել են երեք տուժած պրեֆեկտուրաներին: