12 մարտի 2012 - 11:42 AMT
Վրաստանի Գուդաուրի – Կոբի ճանապարհահատվածում երթևեկությունն արգելված է

Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հաղորդել են Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից, մարտի 12-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում առկա է ձյունափլվածքի վտանգ, ուստի ժ.12:00-ժ.18:00 երթևեկությունն արգելված է բոլոր տիպի մեքենաների համար: Օրվա այլ ժամերին, ձյան առատ տեղումների պատճառով, երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների և այլ տիպի մեքենաների համար թույլատրվում է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:

Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում մեքենաները պետք է շարժվեն թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Կիսակցորդները պետք է շարժվեն միակողմանի: Մեքենաների կանգ առնելը արգելված է: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) հատվածում, ձյան առատ տեղումների պատճառով, երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը բաց է: Նույն ճանապարհի Կոբի- Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների և այլ տիպի մեքենաների համար` թույլատրվում է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: