12 մարտի 2012 - 12:12 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է ՓՄՁ-ների վարկային պորտֆելը հասցնել 50-60 մլրդ դրամի

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է առաջիկա տարիներին խթանել աջակցությունը փոքր ու միջին բիզնեսին ու ՓՄՁ-ների վարկային պորտֆելը մինչև 2014թ. հասցնել 50-60 մլրդ դրամի: Այդ մասին մարտի 12-ին Երևանում հայտարարել է Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմում է 80 մլրդ դրամ, որից ՓՄՁ-ներին բաժին է ընկնում շուրջ 10 մլրդ դրամը: Նա հավելել է, որ հատուկ ուշադրություն կհատկացվի մարզերին, իսկ որպես գերակա ճյուղեր առանձնացրել է առևտուրը, գյուղմթերքի վերամշակումը և այլ ոլորտներ:

Ինչպես ասել է Խանդկարյանը, այսօրվա դրությամբ վարկերը ՓՄՁ-ների համար հատկացվում են դրամով տարեկան միջինը 15-16 տոկոսով, 3-5 տարի ժամկետով:

Բանկիրը կարևորել է այն, որ Հայաստանի ՀՆԱ-ի 50 տոկոսը բաժին է ընկնում ՓՄՁ-ներին, ուստի «ոչ մի աևտրային բանկ չի կարող դա անտեսել» ու պարտավոր է ուշադրության կենտրոնում պահել ՓՄՁ-ները:

Մարտի 12-ին Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստորագրել են վերջինիս 10 մլն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրման մասին պայմանագիր: Զարգացման եվրասիական բանկի կողմից պայմանագիրը ստորագրել է ԶԵԱԲ վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան, իսկ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կողմից` բանկի Գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը: