12 մարտի 2012 - 14:48 AMT
Արա Բաբլոյան. Պարտադիր բժշկական ապահովագրության ներմուծումը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը

Քաղծառայողների համար սոցիալական փաթեթի շրջանակներում պարտադիր բժշկական ապահովագրության ներմուծումը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը առողջապահության ոլորտում: Այդ մասին մարտի 12-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Ըստ նրա, դրան կհաջողվի հասնել բժշկական ապահովագրության փաթեթում ֆիքսված գների շնորհիվ, որով մուծումները պետք է կատարվեն անկանխիկ փոխանցումով ապահովագրական ընկերության և համապատասխան բժշկական հաստատության միջև:

Ավելին, ՀՀ ֆինանսների ու առողջապահության նախարարությունները համատեղ պետք է հավանություն տան բժշկական ծառայությունների գներին, ինչը թույլ կտա հետագայում խուսափել սակագների բարձրացումից:

Ինչ վերաբերում է ապահովագրության պարտադիր լինելուն, ապա Արա Բաբլոյանը նշել է, «20 տարի շարունակ մենք խոսում ենք երկրում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման մասին և կառավարության այս քայլը, որը դեռևս վերաբերում է մի խումբ մարդկանց, կբերի նրան, որ կզարգանա պարտադիր բժշկական ապահովագրությունը»: