12 մարտի 2012 - 15:44 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան. Թուրք և հայ ազգ-պետությունների հաշտեցումը կարող է իրականանալ միմիայն ճշմարտության հաղթանակի հիման վրա

«Սույն թվականի փետրվարի 28-ին ֆրանսիական հանրապետության Սահմանադրական խորհուրդը բեկանեց օրենսդիր մարմնի կողմից նախորդիվ ընդունված մի օրինագիծ, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտումը կհամարվեր հանցագործություն: Բոլոր դեպքերում մենք հարգում ենք Ֆրանսիայի օրենքը եւ նրա ժողովրդի կամքը»,-ասվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածում, ով անկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարարն է, այժմ՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը եւ ներկայացնում է այն խորհրդարանում: Ըստ նրա, հազարամյակներ ի վեր հայապատկան դպրոցներ, եկեղեցիներ, հիվանդանոցներ, կաճառներ, հաստատություններ, հանրային եւ մասնավոր կալվածքներ ջնջվեցին քարտեզի վրայից, ավերվեցին կամ այլապես զավթվեցին: Հայոց ցեղասպանությունը երիտթուրքական վարչակարգի կողմից սառնասրտորեն իրագործված` հայ ազգի համապարփակ եւ բռնի սեփականազրկումն էր, ինչն աննախադեպ էր իր դաժանությամբ ու աղետաբերությամբ:

Այն, ինչ 1915թ. պատուհասեց հայ ժողովրդին, ավելին էր, քան ցեղասպանություն, նույնիսկ ավելին` քան ողջակիզում: Դա սոսկ մարդկային կյանքերի կանխամտածված խլում չէր: Դա ամբողջ մի ազգի, մշակույթի, քաղաքակրթության եւ ժամանակի մեջ խտացված կենսակերպի հավաքական սպանդ էր:

Թուրք եւ հայ ազգ-պետությունների հաշտեցումը պետք է եւ տեղի կունենա միմիայն սոսկալի ճշմարտության հաղթանակի հիման վրա, ինչպես նաեւ արդարության ապահովման պայմանով` իրական զղջման, իմաստալից վերականգնման ու հայ ժողովրդի` իր Հայրենիքի հետ երաշխավորված վերամիավորման խարսխով:

Այս նպատակով է, որ մենք հիշում ենք մեր նահատակներին, ողջունում բոլոր նրանց, ովքեր կանխարգելում ու պատժում են մարդկության դեմ կատարված ոճիրները, իսկ Թուրքիայից ակնկալում իր կենարար ինքնամաքրումը:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 29-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: