12 մարտի 2012 - 16:04 AMT
Մարտի 13-ին ԳԱԱ-ում կմեկնարկի հայ-իրանական համագործակցության թեմայով գիտաժողով

Վաղը ՀՀ ԳԱԱ նախագահությունում մեկնարկելու է «Հայաստան-Իրան. 20 տարի համագործակցության ճանապարհով» գիտաժողովը:

Գիտաժողովին ներկա են լինելու ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյան, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը, ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ ԱլիՍաղայիանը, Իրանի իսլամական կապերի և մշակույթի կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Դեհշիրին:

Հայ և պարսիկ գիտնականները 9 զեկուցումներով կներկայացնեն հայ-իրանական հարաբերությունները, երկու երկրների մշակութային կապերը, տնտեսական հարաբերությունները և այլն:

Իրանական կողմը մեդալներ և պատվոգրեր կշնորհի Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանին և գրականագետ Արմանուշ Կոզմոյանին:

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնը: