12 մարտի 2012 - 16:26 AMT
Եղանակային պայմանների բարելավմամբ կմեկնարկեն Մաշտոցի պուրակի «բարեկարգման աշխատանքները»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է շարունակել 2012 թվականին նախատեսված կանաչապատման ծրագրի նախապատրաստական աշխատանքները:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մասնավորապես եղանակային պայմանների բարելավմամբ կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի և Կողբացի փողոցի միջնամասում գտնվող պուրակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին՝ արդյոք դա նշանակում է նաև, որ կշարունակվի կրպակների տեղադրումը նշված այգում, թե ոչ, քաղաքապետարանից պատասխանեցին. «Պուրակի բարեկարգում, նշանակում է պուրակի բարեկարգում՝ մայթերի նորոգում, նստարանների տեղադրում, կանաչ գոտիների նորոգում և այլն»:

«Այս տարի մենք նախատեսում ենք կրկնապատկել նախորդ տարիներին նախատեսված և կատարված աշխատանքները: «Կանաչ Երևան» կարգախոսին համապատասխան ակնկալում ենք ավելացնել մայրաքաղաքի կանաչ գոտիներն ու հետևողական աշխատանք տանել դրանց մշտական խնամքի ապահովման ուղղությամբ»,-խորհրդակցության ժամանակ նշել է Տարոն Մարգարյանը: