Յանա Մուրադխանյան. «Արմավիայի» գործադուլը կապ չուներ «Ռոսավիացիայի» հետ ունեցած խնդիրների հետ

Յանա Մուրադխանյան. «Արմավիայի» գործադուլը կապ չուներ «Ռոսավիացիայի» հետ ունեցած խնդիրների հետ

PanARMENIAN.Net - Այսօր «Արմավիա» ընկերության կոմերցիոն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Յանա Մուրադխանյանը, անդրադառնալով Ռոսավիացիայի հետ ունեցած խնդրին, նշել է, որ դա անցյալ շաբաթվա գործադուլի հետ որևէ կապ չուներ. «Ցանկացած ավիաընկերություն ունենում է պարտքեր և որոշակի ժամկետներում պետք է այդ պարտքերը փակի»: Կոմերցիոն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նաև չկարողացավ մեկնաբանել լուրերն այն մասին, թե իբր ավիաընկերությունում արդեն 4 ամիս է աշխատավարձ չի տրվում, ասելով, որ չի կարող պատասխանել նման հարցերի:

Խոսելով «Արմավիա»-ի հնարավոր սնանկ հայտարարվելու մասին` Մուրադխանյանը նշեց, որ նման իրադրությունում ընկերությունը դեռ որոշ ժամանակ աշխատելու է և բոլոր պարտավորությունները կատարելու է, այդ թվում՝ վաճառված տոմսերի փոխհատուցում:

Ինչ վերաբերվում է մարտի սկզբի զեղչերը հետագայում չեղյալ հայտարարելու խնդրին, Մուրադխանյանը նշեց, որ դա պայմանավորված էր «Աերոֆլոտով», որն իր հերթին էլ ավելի է իջեցրել տոմսերի գները: Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով, կողմերը պայմանավորվել են այլևս նման զեղչեր չհայտարարել: PanARMENIAN-ի թղթակցի այն դիտարկմանը, որ դա նորմալ է, երբ կա առողջ մրցակցությունը, Մուրադխանյանը նշել է, որ «Աերոֆլոտը» այնքան էր իջեցրել գները, որ «Արմավիան» պարզապես տանուլ կտար:

Մարտի 6-ին «Արմավիա» ավիաընկերությունը անժամկետ գործադուլ էր հայտարարել, որը տևեց մեկ օրից պակաս: Ավիաընկերությունը գործադուլը բացատրում էր «Զվարթնոցի» գնային քաղաքականությամբ, ապա օրվա մեջ տեղեկատվություն տարածվեց, որ «Արմավիա»-ին արգելված է հատել Ռուսաստանի տարածքը պարտքերի պատճառով: Ավելի ուշ Ռոսավիացիան «Արմավիա»-ին ժամկետ նշեց մինչև մարտի 20, իսկ «Զվարթնոց»-ի հետ բանակցություններ սկսվեցին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---