Մաստրիխտում տեղի է ունեցել «Սուրբ Սերվանտես հայը» խորագրով սիմպոզիում

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Մաստրիխտ քաղաքում Նիդերլանդների «Անի» կազմակերպության կողմից կազմակերպվել էր սիմպոզիում` նվիրված սուրբ Սերվանտեսի հիշատակին: «Սուրբ Սերվանտես հայը» խորագրով միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Իր ելույթում դեսպան Աղաջանյանն անդրադարձավ սուրբ Սերվանտեսի ժառանգությանը` որպես հոլանդական հասարակության մեջ քրիստոնեության և քրիստոնյա արժեքների տարածողի, հայ-հոլանդական կապերի սկզբնավորմանն ու հետագա տարածմանը, հայկական համայնքի ձևավորմանն ու հոլանդական պատմության մեջ ունեցած դերակատարությանը, ներկայիս հայկական համայնքի դերին ու նշանակությանը:

«Անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծմամբ` հայ-հոլանդական հարաբերությունները որակական նոր փուլ են մտել` երկու ժողովուրդների միջև հարաբերություններից վերածվելով երկու պետությունների միջև հարաբերությունների»,- ասել է դեսպանը:

Սիմպոզիումին մասնակցում էր նաև Նիդերլանդների Իմիգրացիայի, ինտեգրացիայի և ապաստանի հարցերով նախարար Խերտ Լիրսն, ով իր ելույթում անդրադարձավ հոլանդական հասարակության մեջ հայ համայնքի ներդրումին և առկա խնդիրներին: Նրան նվիրվեց դոկտոր Եվադյանի հեղինակած «Սուրբ Սերվանտես հայը» գրքի առաջին օրինակը:

Սիմպոզիումին ընդարձակ ելույթներով հանդես եկան դոկտոր Ռեգիս դե լա Հայեն, դոկտոր Մաքսիմ Եվադյանը, դոկտոր Թեո ֆան Լինտը, դոկտոր Ժոզեֆ Վայտենբերգը, դոկտոր Հերման Տյուլեն, ովքեր իրենց ելույթները նվիրեցին սուրբ Սերվանտեսի կյանքի ու ծագումնաբանության շուրջ ուսումնասիրությունների, հայ գրականության, Նիդերլանդներում հայ համայնքի պատմության, Մերձավոր արևելքում քրիստոնյաների խնդիրների ներկայացմանը:

Միջոցառման երաժշտական հատվածում Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Հարությունյանի, Կանաչյանի և այլոց գործերի կատարումներով հանդես եկան սոպրանո Լիլիթ Սաթին, դաշնակահարուհի Մարիամ Պողոսովան, ֆլեյտահար Զարա Բադալյանը, և թավջութակահար Միքայել Գրիգորյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---