25 փետրվարի 2004 - 21:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՆԴՐՈՒՄ Է ԵԱՀԿ ԽՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ԻՐ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ
Ներկայումս Հայաստանը նամակ է պատրաստում ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին, որում խնդրում է Լեռնային Ղարաբաղի առնչությամբ իր ապագա զեկույցում հաշվի առնել Բուդապեշտում ադրբեջանցի սպայի կողմից հայ զինծառայողի գազանաբար սպանությունը: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` այդ զեկույցի վերջնական տարբերակը կներկայացվի Էդինբուրգում ընթացիկ տարվա ամռանը: Մինչ այդ հատուկ ներկայացուցիչը մեկ անգամ եւս կայցելի տարածաշրջան, այդ թվում նաեւ Ստեփանակերտ: Ընդսմին Վ.Հովհաննիսյանը չի բացառել, որ զեկույցը կազդի ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման վրա: