26 փետրվարի 2004 - 21:52 AMT
ԲԱՔՎՈՒՄ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԿԱՐԾԻՔՆԵՐ ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅԱՍՊԱՆԻ ՀԵՏԱԳԱ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու համար, այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: «Մենք մտադիր ենք պաշտպանել մեր սպային», - ասել է նա` ավելացնելով, որ «Ռ.Սաֆարովը կվերադառնա Բաքու»: Մինչդեռ, Ադրբեջանի արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Զավեր Գաֆարովը հավաստիացնում է, որ Սաֆարովի հանձնումը Բաքվին անհնար է` Ադրբեջանի տարածքում նրա նկատմամբ քրեական հետապնդման բացակայության պատճառով: Գաֆարովի խոսքերով, հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը,1957 թվականի Ոճրագործներին այլ պետության հանձնելու մասին եվրոպական կոնվենցիային համապատասխան, Հունգարիայի իշխանությունները Ռ.Սաֆարովին կարող են հանձնել միայն այն դեպքում, եթե հանցագործություն կատարելուց հետո ադրբեջանական կողմը նրան հայտարարեր հետախուզման մեջ: Հետագայում, «Դատապարտված անձանց հանձնման մասին» եվրոպական կոնվենցիային համապատասխան, արդարադատության նախարարությունը կարող է դիմել Հունգարիայի իշխանություններին Ռամիլ Սաֆարովին հանձնելու վերաբերյալ հարցմամբ` Ադրբեջանում պատիժը կրելու համար, նշել է Գաֆարովը: Նրա կարծիքով, ներկայումս ադրբեջանական կողմը կարող է իրականցնել միայն Հունգարիայում իր քաղաքացու հյուպատոսական պաշտպանություն` 1962 թվականի Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխան: