27 փետրվարի 2004 - 17:38 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Փետրվարի 26-ին Եվրախոհրդարանն ընդունել է «Եվրամիության (ԵՄ) քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ» բանաձեւը` մշակված շվեդ պատգամավոր Պեռ Գարթոնի կողմից: Ի թիվս այլ հարցերի բանաձեւի նախագիծը պարունակում էր նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված վիճարկելի դրույթ` առաջարկելով ԵՄ-ին սատարել Բաքու-Երեւան-Նախիջեւան երկաթգծի վերագործարկման դիմաց «ադրբեջանական գրավյալ տարածքները» վերադարձնելու ծրագրին: Այս դրույթի դեմ հանդես են եկել պատգամավորական մեծամասնությունը` ի դեմս Եվրոպական ժողովրդական (քրիստոնեա-ժողովրդավարական) եւ «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցությունները, ներկայացնելով այն բանաձեւից հանելու առաջարկ: Արդյունքում, Եվրախորհրդարանը ձայների զգալի մեծամասնությամբ մերժել է Ադրբեջանի կողմից եվրոպական ատյաններում առաջ մղվող եւ որպես քարոզչական զենք կիրառվող վերոհիշյալ «փոխանակման տարբերակը», ինչը որակվում է այն որպես հակամարտության կարգավորման մեջ փուլային լուծման անցնելու փորձ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այսպիսով ԵՄ-ն եւս մեկ անգամ հրաժարվեց ղարաբաղյան հարցում միակողմանի որոշում ընդունելուց եւ, դրանով, կարգավորման հիմնախնդրում ավելորդ բարդություններ ստեղծելուց: Բազմաթիվ պատգամավորներ համաձայն էին նաեւ, որ բանակցությունները պետք է շարունակվեն ձեռք բերված մակարդակի հիման վրա, եւ միայն երկխոսության շարունակումը կարող է ապահովել խաղաղ կարգավորում: