Մարտի 23-ին կմեկնարկեն «Այվազյանական 3-րդ ընթերցումները»

Մարտի 23-ին կմեկնարկեն «Այվազյանական 3-րդ ընթերցումները»

PanARMENIAN.Net - Մարտի 23-ին և 24-ին Աղասի Այվազյանի ծննդյան կապակցությամբ Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում տեղի կունենան «Այվազյանական 3-րդ ընթերցումները»: Շարքի առաջին միջոցառումը տեղի է ունեցել 2008-ին, երկրորդը՝ 2010-ին, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Աղասի Այվազյանը (1925 - 2007) հայ արձակագիր էր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Եռանկյունին» կինոնկարի սցենարի համար), Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի 1983-ի դափնեկիր («Եռանկյունին» գրքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ:

Ծնվել է Վրացական ԽՍՀ Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսիի գեղարվեստական ակադեմիայում (1942), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-48)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-73-ին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-81-ին` «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1967-ին «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Եռանկյունին» կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է շահել 1968-ի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը:Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982-ին «Հայֆիլմ» կինոստուդիան Աղասի Այվազյանի «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը, որի ռեժիսորը եղել է ինքը` սցենարի հեղինակը։ Ա. Այվազյանը իր «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա գրել է «Վառած լապտեր» կինոնկարի սցենարը։ Այս ֆիլմը որպես ռեժիսոր նույնպես նկարել է ինքը` Այվազյանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---