15 մարտի 2012 - 11:38 AMT
Մեծ Բրիտանիայի Բռնցքամարտի հսկիչ խորհուրդը Դերեկ Չիսորային զրկել է լիցենզիայից

Մեծ Բրիտանիայի Բռնցքամարտի հսկիչ խորհուրդը (BBBC) անորոշ ժամանակով բռնցքամարտիկ Դերեկ Չիսորային զրկել է լիցենզիայից ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտից առաջ և հետո սկանդալյին արարքների համար: Ավելի վաղ Չիսորային արդեն որակազրկել են Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդն (WBC) ու Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO):

Չիսորայի փրոմոութերը հայտնել է, որ կդիտարկի այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունը:

Կլիչկո – Չիսորա հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 18-ին և ավարտվել ուկրաինացու հաղթանակով ըստ միավորների: Մենամարտից մեկ օր առաջ` պաշտոնական կշռումից հետո, բրիտանացին իր մրցակցին ապտակ էր հասցրել, իսկ մենամարտից առաջ թքել Կլիչկոյի երեսին: Մենամարտից հետո Չիսորան կռիվ էր հրահրել աշխարհի նախկին չեմպիոն բրիտանացի Դևիդ Հեյի հետ մամլո ասուլիսի ժամանակ:

Հետագայում Չիսորան տարածել էր հայտարարություն, որում ներողություն էր խնդրել իր վարքի համար և այն ոչ պրոֆեսիոնալ անվանել: Բռնցքամարտիկն ընդգծել էր, որ իր արարքով շատ մարդկանց է հուսախաբել: