15 մարտի 2012 - 14:17 AMT
Քաղաքապետարանն արձագանքել է PanARMENIAN.Net-ի՝ «Նորմալ խանութի» մասին հրապարակմանը

«Նորմալ խանութ սովորական մարդկանց համար». ահա այսպիսի արտաքին գովազդով էր փորձում հաճախորդ գրավել Շենգավիթ վարչական շրջանի կրպակներից մեկը: PanARMENIAN.Net-ը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել էր այդ կրպակի ու նրա գովազդի լուսանկարը, ինչին շատ արագ արձագանքել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը:

«Ինչպես բոլորը, մենք էլ ենք երբեմն մտնում սոցիալական ցանցեր: Տեսանք, որ PanARMENIAN.Net-ը տեղադրել է մեր ոլորտին առնչվող լուսանկար և բարձրաձայնել է խնդրի մասին: Անմիջապես արձագանքեցինք, քանի որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի խախտում կար, հանձնարարական իջավ վարչական շրջանի համապատասխան վարչություն, որ զբաղվեն այս հարցով»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ տնտեսվարողն անմիջապես հանել է գովազդային պաստառն ու վարչական տուգանք չի նշանակվել. «Մենք անընդհատ զբաղվում ենք, հետևում, որ նման օրինախախտումներ չլինեն վարչական շրջաններում: Ուրախ ենք, որ այս ոլորտը նաև լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Մենք միշտ հետևում ենք ու անպայման արձագանքում»: