15 մարտի 2012 - 15:12 AMT
Պատանի ձեռներեցները փոխում են իրենց համայնքները

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից հովանավարվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհներ շնորհեց տասնմեկ աշակերտական կազմակերպություններին՝ համայնքներում հանրային ծրագրեր իրականացնելու նպատակով: Այդ ծրագրերի շնորհիվ Շիրակի մարզի Ազատան գյուղի դպրոցականները կունենան խաղահրապարակ, կվերանորոգվի և կհամալրվի Կոտայքի մարզի Նոր Գեղիի թիվ 2 դպրոցի գրադարանը, իսկ Արմավիրի մարզի Ոսկեհատի համայնքի բնակիչները կունենան տրանսպորտային կանգառ, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Դրամաշնորհների բաշխման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 12-ին՝ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գրասենյակում: Արարողությանը մասնակցեցին մրցույթում հաղթած աշակերտական ՀԿ-ների ներկայացուցիչները, նրանց կորպորատիվ բարեկամները, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՄՆ ՄԶԳ-ից և «Հայաստանի գործատուների հանրապետական միությունից»:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը Հայաստանի գործարար ոլորտում համեմատաբար նոր հասկացություն է: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը առաջինն է՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ գիտելիքները հանրակրթության մեջ ներմուծելու գործում:

2011 թվականի ապրիլի 1-ից հանրապետության շուրջ 100 դպրոցներ ընդգրկվեցին կազմակերպության կողմից իրականացվող Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրում: «Ծրագրի նպատակն է՝ կրթել գիտակ երիտասարդ քաղաքացիներ, որոնք հասկանում և գնահատում են ազատ շուկայական համակարգի սկզբունքները և ակտիվորեն ներգրավվում են համայնքային ծրագրերում» – նշում է Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում աշակերտներն ուսումնասիրում են ազատ շուկայական համակարգի սկզբունքները և գործարար ընկերություններ հիմնելու միջոցով կարողանում են ձեռք բերած գիտելիքները կիրառել իրական կյանքում: Սովորելով ձեռներեցության մասին , միաժամանակ նրանք ծանոթանում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը և իրենց գործարար ընկերությունների շահույթից մասհանում են կատարում հանրային ծրագրեր իրականացնելու նպատակով: Այս ճանապարհին նրանց օգնում են «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից վերապատրաստված ուսուցիչները և գործարար ընկերություններից՝ այդ թվում «ՎիվաՍել – ՄՏՍ», «Մերի Քեյ», «Մեգերյան Կարպետ»,«Կոկա – Կոլա», «Կանակա» ընկերություններից, «Արմենիա – Մարիոտ» հյուրանոցից, HSBC բանկից, ինչպես նաև «Հայաստանի գործատուների հանրապետական միությունից» ներգրավված խորհրդատուները: