
Մի քանի օրվա ընթացքում Սիրիա կգործուղվի Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և ՄԱԿ պատվիրակությունը՝ մարդասիրական օգնության ծավալը որոշելու համար: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է ԻՀԿ գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուն:
«Սիրիայի շուրջ տիրող իրավիճակը սարսափելի է, ամեն օր այնտեղ մահանում են տասնյակ, երբեմն հարյուրավոր մարդիկ: Քանդվում են քաղաքները, մարդիկ մնում են անօթևան, սա մարդկության ողբերգությունն է: Ցավոք սրտի, միջազգային հանրության ձեռքերը կապված են, շարժվելու հնարավորություն չկա, որովհետև միակ կազմակերպությունը՝ ՄԱԿ-ը, որը կարող է վերջ դնել այս իրավիճակին, զրկված է որոշում ընդունելու հնարավորությունից»,- պատասխանել է նա ճգնաժամը շարունակվելու վրա Ռուսաստանի և Չինաստանի վետոյի ազդեցության մասին հարցին: