16 մարտի 2012 - 09:49 AMT
Արգենտինան դատի կտա Ֆոլքլենդյան կղզիների մոտ նավթ փնտրող ընկերություններին

Արգենտինան հայտարարել է, որ դատի կտա ընկերություններին, որոնք նավթի հետախուզությամբ են զբաղվում Մեծ Բրիտանիայի կողմից վերահսկվող Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների մոտ, որոնց հանդեպ իրավունքը Բուենոս Այրեսը վիճարկում է:

Արտաքին գործերի նախարար Հեկտոր Թիմերմանն ասել է, որ Ֆոլքլենդյան կղզիների շրջակա ջրերում նավթի հետախուզությունն անօրինական է: «Նավթն ու գազը Հարավային Ատլանտիկայում պատկանում են արգենտինյան ժողովրդին»,- ասել է նախարարը և նախազգուշացրել, որ ցանկացած ընկերություններ, որոնք աջակցություն կցուցաբերեն ընդերքի բրիտանական հետախույզներին, նույնպես կարող են պատժամիջոցների արժանանալ:

Մեծ Բրիտանիայի կառավարությունն ի պատասխան հայտարարել է, որ օժանդակում է Ֆոլքլենդյան կղզիների՝ սեփական նավթային պաշարները մշակելու իրավունքին: