16 մարտի 2012 - 12:30 AMT
Վեստերվելլե. Գերմանիան կշարունակի ակտիվ աջակցությունը Հայաստանի զարգացմանը

Գերմանիան և Հայաստանը կշարունակեն խորացնել համագործակցությունը տնտեսական, քաղաքական ու իրավական ոլորտներում: Այդ մասին այսօր Երևանում երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ մամլո ասուլիսում հայտարարել են նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Գիդո Վեստերվելլեն: Մասնավորապես, Նալբանդյանը նշել է. «Մենք արդեն շուրջ 30 կնքված պայմանագրեր ունենք, սակայն մտադիր չենք դրանով սահմանափակվել և նոր պայմանագրեր ենք նախապատրաստում և համատեղ նախագծեր ինչպես տնտեսական, այնպես էլ իրավական ոլորտներում: Հայաստանը երախտապարտ է պետության կայացման գործում Գերմանիայի աջակցության համար և ուրախ է նշել, որ այս տարի լրանում է մեր հարաբերությունների հաստատման 20-ամյակը»: ԱԳ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել իր գերմանացի պաշտոնակցին ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանն ակտիվորեն աջակցելու համար:

Իր հերթին Գիդո Վեստերվելլեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Գերմանիան հետագայում ևս ակտիվորեն կաջակցի Հայաստանի համակողմանի զարգացմանը՝ խորացնելով ինչպես երկկողմ համագործակցությունը, այնպես էլ գործակցությունը Ասոցացման մասին պայմանագրի շրջանակներում: Գերմանացի նախարարը ևս շնորհավորել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առթիվ և հույս հայտնել, որ փոխադարձ այցերը հաճախակի ու ակտիվ կլինեն:

Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան է ժամանել մարտի 16-ին: Նա արդեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այցի շրջանակներում նա կհանդիպի նաև ՀՀ նախագահի հետ: