Դեղագործները քննարկել են դեղերի և կենսաակտիվ հավելումների մասին նոր օրենքի նախագիծը

Դեղագործները քննարկել են դեղերի և կենսաակտիվ հավելումների մասին  նոր օրենքի նախագիծը

PanARMENIAN.Net - Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ) և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը համատեղ մարտի 10-ից 11-ը «Արթուրս Աղվերան Ռիզորթ» հանգստյան տանը կազմակերպել էին դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «Առանց փողկապների» երրորդ հանդիպումը։ Արդեն ավանդական դարձած այս հանդիպմանը ներկա էին Հայաստանի դեղագործության ոլորտի կազմակերպությունների, այդ թվում` տեղական արտադրողների, արտասահմանյան դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների և ներմուծող ընկերությունների ղեկավարներ, պետական ոլորտի պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ, ինչպես նաև ՀՀ կառավաությանն առընթեր պետական եկամուտների կոմիïեի և տնտեսական մրցունակության պաշտպանության պետական հանձնաժողովի, դեղաքաղաքականության ու դեղորայքային անվտանգության պատասխանատուներ։

Համաձայն ՀՀ կառավարության 2010թ. նոյեմբերի 25-ի թիվ 1603-ն որոշման ՀՀ-ում դեղարտադրող ընկերությունները պարտավոր են համապատասխանեցնել իրենց գործունեությունը GMP ստանդարտների պահանջներին մինչև 2013թ. հունվարի 1-ը: Հանդիպումը հնարավորություն տվեց մասնակիցներին ներկայացնել Պատշաճ արտադրական գործունեության կանոններ (GMP) և Պատշաճ բաշխման գործունեության կանոններ (GDP) ստանդարտների ներդրման գործընթացը, հիմնախնդիրներն ու հետագա քայլերը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև դեղերի և կենսաակտիվ հավելումների մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, դեղերի գովազդի թույլտվության կարգի վերջին փոփոխությունները, պետական գնումներին, ինչպես նաև մաքսային և հարկային բարեփոխումներին առնչվող հարցեր: ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը ներկայացրեց Հայաստանում իր առաքելությունը և դեղագործության ոլորտում առաջիկա ամիսներին իրականացվելիք միջոցառումները:

Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն առաջադրել պետական մարմինների պատասխանատուներին և ակտիվ քննարկումների արդյունքում ստանալ սպառիչ պատասխաններ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---