4 մարտի 2004 - 17:28 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Հայկական կողմը մտադիր է հրապարակային դատավարություն պահանջել Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործի առնչությամբ: Այդ մասին երեկ լրագրողներին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նախարարը հաղորդել է, որ Հունգարիայի հայ համայնքը հատուկ փաստաբան է վարձել այդ գործում հայկական կողմի շահերը պաշտպանելու համար: Առաջիկա օրերին, նրա խոսքերով, այդ գործընթացին կմիանա նաեւ երկրորդ փաստաբանը Հայաստանից: Նախարարի կարծիքով, դա կօգնի ապահովել քննության արդար ընթացքը: Հիշեցնենք, որ հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարել է ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտում ընթացող ուսումնական դասընթացների ժամանակ: