17 մարտի 2012 - 10:18 AMT
«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը որպես սովորական պատգամավոր` իրավունք չունի պետական թիկնազորով շրջելու

ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար, Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ Գյումրի է այցելել: «Ժողովուրդը» գրում է, որ զարմանալի զուգադիպությամբ, Աբրահամյանը Գյումրի է ժամանել վարչապետ Տիգրան Սարգսյանի` մեկ շաբաթ առաջ կատարած այցից հետո: Նման մի դեպք էլ եղել էր Սյունիքի մարզում: Նա եղել է ՀՀԿ նախընտրական շտաբում և հանդիպել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, ՀՀԿ-ական պատգամավորների ու ՀՀԿ շտաբի անդամների հետ:

Սակայն ուշագրավը, ըստ թերթի, ոչ այնքան բուն այցն է, որքան այցի ձևը. Հովիկ Աբրահամյանը եկել էր ոչ թե իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով, այլ «Պրադո» ջիփով: Ընդ որում, նրա մեքենան ուղեկցել են պետական թիկնազորի` ՊՊՎ երկու մեքենաներ:

Ամենայն հավանականությամբ, թիկնազորը նրան տրամադրել է Սերժ Սարգսյանը: Իսկ սա նշանակում է, որ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը ևս գտնվում է պետական պահպանության հսկողության ներքո: Մինչդեռ որպես սովորական պատգամավոր`նա իրավունք չուներ պետական թիկնազորով շրջելու: