5 մարտի 2004 - 21:50 AMT
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ Է ՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ԻՆՉԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԲԱՆԱԿԻ ԲԱՐՁՐ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆԸ
Տնտեսական աճը Հայաստանում այսօր ավելի բարձր է քան Ադրբեջանում, ինչն, իր հերթին, նպաստում է բնակչության կենսամակարդակի եւ երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը: Այս մասին ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Իհարկե, Ադրբեջանն ունի բնական պաշարներ, առաջին հերթին, նավթ, ինչը չկա Հայաստանում, նշել է վարչապետը: Բացի այդ, մեր հաղորդակցման ուղիները շրջափակված են ինչպես Բաքվի, այնպես էլ Անկարայի կողմից, եւ առայժմ մենք հույս չունենք, որ այդ շրջափակումը կհանվի մոտ ապագայում: Սակայն, չնայած դրան, Հայաստանում առկա է տնտեսական աճի միտում, նշել է Ա.Մարգարյանը: Երկրում ակտիվորեն աշխատում է լեռնահանքային, վերամշակման եւ թեթեւ արդյունաբերությունը: Կան նաեւ այնպիսի գերակայելի ուղղություններ, ինչպես բարձր տեխնոլոգիաները, քիմիական արդյունաբերությունը, ինչպես նաեւ ոսկերչական արտադրությունը եւ ալմաստի վերամշակման արդյունաբերությունը, նշել է Հայաստանի վարչապետը: