19 մարտի 2012 - 14:54 AMT
Եվրոպայի շախմատի տղամարդկանց առաջնության մրցանակային ֆոնդն ավելի քիչ է, քան կանանցը

Մարտի 19-ին Պլովդիվ կժամանեն տղամարդկանց Եվրոպայի շախմատի անհատական առաջնության մասնակիցները: Այն տեղի կունենա մարտի 20-31-ը շվեյցարական համակարգով 11 տուրերով: Կանոնակարգը համարյա ամբողջությամբ նման է օրերս ավարտված կանանց առաջնությանը, սակայն մրցանակային ֆոնդն ավելի քիչ է, քան կանանց մրցաշարում:

Եվրոպայի չեմպիոն Վալենտինա Գունինան ստացել է 20,500 եվրո, իսկ տղամարդկանց չեմպիոնը կստանա 14 հազար: Բաց առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը 100 հազար եվրո է: Կանանց մոտ այդ գումարն օգտագործվել է միայն հիմնական մրցանակների վրա, առանց հատուկ մրցանակները հաշվի առնելու, հաղորդում է chess-news.ru-ն:

Առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը և Վլադիմիր Պողոսյանը: