19 մարտի 2012 - 19:20 AMT
Հրայր Թովմասյանը ցանկանում է կազմել Նար-Դոսի, Շիրվանզադեի, Լեոյի, Թումանյանի և Նժդեհի հրապարակախոսական հոդվածների հավաքածուն

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ցանկանում է կազմել անվանի հայ հասարակական և քաղաքական գործիչների հոդվածների հավաքածուն հայոց պետականության խնդիրների մասին: «Ընկերներիս հետ միասին հավանաբար առաջիկայում կկազմենք Նար-Դոսի, Շիրվանզադեի, Լեոյի, Թումանյանի և Նժդեհի հրապարակախոսական հոդվածների հավաքածուն, որն անհրաժեշտ կլինի քաղաքականությամբ զբաղվող մարդկանց»,- ասել է նա լրագրողներին խորհրդարանում:

Նրա խոսքով, ուսումնասիրելով Հայաստանում առկա խնդիրները, շատերին թվում է, որ դրանք հայտնվել են վերջին 20 տարվա ընթացքում, սակայն, ծանոթանալով անվանի հայերի աշխատանքների հետ, կարելի է լուծման միջոցներ գտնել:

Թովմասյանը նաև նշել է, որ ներկա խնդիրներից շատերը պայմանավորված են հայոց պատմությամբ, մասնավորապես նրանով, որ Հայաստանը երկար տարիներ պետականություն չի ունեցել: