20 մարտի 2012 - 11:07 AMT
Եվրոպան որոշել է սառեցնել Ասադի կնոջ և ազգականների բանկային հաշիվները

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ և ազգականների բանկային հաշիվները կսառեցվեն այդ երկրում գործող վարչակարգի դեմ պատժամիջոցների ընդլայնման շրջանակներում, գրում է Telegraph-ը: Սպասվում է, որ «սև ցուցակում» հայտնված մարդկանց եվրոպական ակտիվներն անհասանելի կլինեն, իսկ մուտքը ԵՄ երկրների տարածք կարգելվի:

Եվրոպական դիվանագետները հաղորդել են, որ Ասմա Ասադին «սև ցուցակում» ներառելու մասին որոշումը կընդունվի ուրբաթ օրը Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը: Ինչպես պնդում է հրատարակությունը, բրիտանական պաշտոնյաները հավատում են, որ այդ քայլը ինչ-որ բան կփոխի, թեև Սիրիայի գործող նախագահի վարչակարգն արդեն 11 տարատեսակ պատժամիջոցների է ենթարկվել: