9 մարտի 2004 - 21:34 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՈՐ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՍՊԱՆՈՂԸ ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԿՊԱՏԺՎԻ
Փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպայի կողմից սպանված ՀՀ զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի հարազատները եւ Հայաստանի ժողովուրդն ակնկալում են, որ Հունգարիայի իշխանությունները անհրաժեշտ հետեւողականություն կցուցաբերեն եւ ոճրագործը կպատժվի օրենքի ամենայն խստությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ՀՀ-ում Հունգարիայի դեսպան Ֆերենց Կոնտրայի հետ հանդիպման ընթացքում` որը նախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճեները: Դեսպանը Հունգարիայի կառավարության անունից խոր ցավակցություն է հայտնել կատարված ողբերգության առիթով: Զրույցի ընթացքում կողմերը շոշափել են նաեւ տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հարցեր: Վ.Օսկանյանն ընդգծել է այն հանգամանքը, որ մոտ ժամանակներս Հունգարիան դառնալու է Եվրամիության լիիրավ անդամ, որի շնորհիվ նրա կապերը Հայաստանի հետ իրենց ակտիվ զարգացումը կգտնեն ՀՀ-ԵՄ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի շրջանակներում: