Ա. Գևորգյանը եւ Վ. Բասարգինը քննարկել են միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացման հարցեր

Ա. Գևորգյանը եւ Վ. Բասարգինը քննարկել են միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացման հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինն այսօր Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկեցին երկու երկրների տարածաշրջանների միջեւ հարաբերությունների զարգացման եւ նախարարությունների միջեւ համագործակցության հարցեր:

Կողմերն անդրադարձան մարտի 13-ին Գյումրիում կայացած Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի`միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստին ` դրական գնահատելով արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Զրուցակիցները կարեւորեցին պայմանավորվածությունների ժամանակին իրագործումը` ընդգծելով այդ գործում կողմերի պատրաստակամությունը: Նշվեց, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները բավականին ընդգրկուն են, ուստի խումբը չի կարող սահմանափակվել միայն տարեկան նիստերի անցկացմամբ, եւ տարվա ընթացքում մեծ ծավալի համատեղ աշխատանք պետք է իրականացվի:

Անդրադարձ եղավ նաեւ այս տարվա ընթացքում հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի անցկացման հարցերին: Կողմերը հույս հայտնեցին, որ այն ավելի գործնական բնույթ կունենա` նպաստելով փոխշահավետ կապերի զարգացմանն ու նորերի հաստատմանը: Նշվեց, որ երկու երկրներում էլ շահագրգիռ կառույցներն ու կազմակերպությունները հետաքրքրությամբ են սպասում երկրորդ համաժողովին:

Մինչ այդ, Հայաստանի մարզպետարանների եւ ՌԴ տարածաշրջանների վարչակազմերի արտաքին տնտեսական համագործակցության հարցերով պատասխանատուների մասնակցությամբ կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում` երկրորդ համաժողովի օրակարգի համար առաջարկություններ մշակելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ գործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր եւս, անդրադարձ եղավ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի գործունեությանը, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---