21 մարտի 2012 - 14:18 AMT
ՀՅԴ ընտրացուցակը կգլխավորեն Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը և Արտյուշա Շահբազյանը

ՀՅ Դաշնակցությունը մարտի 21-ին հրապարակել է իր ընտրացուցակը, որում ներառված է 85 մարդ: Այն գլխավորում են ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը, խմբակցության քարտուժղար Արտյուշա Շահբազյանը:

Ինչպես նշեց Վահան Հովհաննիսյանը մամլո ասուլիսում, կուսակցության Բյուրոյից ցուցակում ներառվել է միայն ինքը: Ավելին, ըստ նրա, կուսակցությունը կատարել է նոր դեմքերի և կուսակցության խմբակցության կազմի երիտասարդացման վերաբեյալ իր խոստումը, արդյունքում կուսակցության պատգամավորների ուղիղ կեսը չի ներառվել ցուցակում: Նա նաև հավելել է, որ այն պատգամավորներին, ովքեր չեն ներառվել ցուցակում, լուրջ հանձնարարություններ կտրվեն այլ ոլորտներում: (Նշենք, որ ցուցակում բացակայում է նաև Հրայր Կարապետյանի անունը, խմբ.):

Իր հերթին Շահբազյանը կոչ է արել լրագրողներին, թյուրիմացությունից խուսափելու համար, այս ցուցակը չգնահատել որպես կուսակցության վարկանիշային ցուցակ: «Կարող էր բացարձակապես այլ ցուցակ լինել, որը ոչինչով չէր զիջի այս մեկին»,-նկատել է նա:

Առաջին տասնյակում ներառվել են նաև Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Կարինե Հարությունյանը, Արմեն Բաբայանը, Արամայիս Գրիգորյանը, Միքայել Մանուկայնը և Կարեն Շահմուրադյանը: