11 մարտի 2004 - 19:22 AMT
ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԻՑ
Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է հանդես գալ հատուկ հայտարարությամբ` «կապված Ադրբեջանի օկուպացված տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղում շախմատի միջազգային մրցաշարի անօրինական անցկացման հետ»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով, իրենք մտադիր են բողոքի նոտաներ ուղարկել Լեհաստանի, Լատվիայի, Շվեդիայի, Ռուսաստանի եւ Իրանի դեսպանություններ, որոնց ներկայացուցիչները մասնակցում են մրցաշարին: «Մենք կպահանջենք հետաքննել ադրբեջանական օկուպացված տարածքներում անցկացվող մրցաշարին այդ շախմատիստների մասնակցության պատճառները», - ասել է նախարարը: Մինչդեռ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Բորիս Սպասսկին, որը նույնպես մասնակցում է այդ մրցաշարին, որպես պատվավոր հյուր, «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ձեռնպահ է մնացել Ադրբեջանի հնչեցրած հայտարարությունները մեկնաբանելուց: «Հրաշալի կլիներ, եթե սպորտն ընդհանրապես քաղաքականությունից դուրս լիներ, սակայն իրականում այդպես չի ստացվում», - ասել է գրոսսմայստերը: