11 մարտի 2004 - 21:23 AMT
ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՄԵՐԳ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ
Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի Հունական Թատրոնում (ԱՄՆ) տեղի կունենա ամերիկյան ճանաչված «System of a Down» ռոք խմբի համերգը` նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 89-րդ տարեդարձին: Համաձայն Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հաղորդագրության, համերգի նպատակն է` աջակցել այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված օրինագծի ընդունմանը: Թեեւ 2000 թվականի իր նախընտրական քարոզարշավում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հետագայում նա եւ իր վարչակազմը բոլոր միջոցները ձեռնարկեցին համապատասխան օրինագծի ընդունումն արգելափակելու համար: Խմբի վոկալիստ Սերժ Թանքյանի խոսքերով, ավելի քան 100 կազմակերպություններ հանդես են եկել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության բանաձեւի ընդունմանն ուղղված քարոզարշավի աջակցությամբ: «Վատիկանն ու Եվրախորհրդարանը, ինչպես նաեւ Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Բելգիայի եւ շատ այլ երկրների կառավարությունները պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այժմ ԱՄՆ-ի հերթն է»,- ավելացրել է Սերժ Թանքյանը: