22 մարտի 2012 - 14:41 AMT
Թուրքիան ցանկանում է ընդունել 2020թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ երկիրը կցանկանար իր տարածքում անցկացնել 2020թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին նա հայտարարել է` հանդես գալով Ստամբուլում ՈւԵՖԱ-ի բաց կոնգրեսի պատվիրակների առաջ:

«Մեր երկիրը մեկ անգամ ևս ցանկանում է մասնակցել EURO-ի անցկացման համար մրցավազքին»,-խոստովանել է Էրդողանը: Նա նաև հայտարարել է, որ ֆուտբոլը պետք է լինի խաղաղության և բարեկամական հարաբերությունների խորհրդանիշ: Ըստ նրա, ֆուտբոլում ներդրումները և այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն, որպեսզի սպորտում ներգրավվի հնարավորինս մեծ քանակությամբ երիտասարդություն: Նա նաև սպորտային աշխարհին կոչ է արել պայքարել այնպիսի բացասական երևույթների դեմ, ինչպիսիք են նախապես պայմանավորված խաղերը և ռասիզմը:

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը ընդգծել է ՈւԵՖԱ-ի մեծ դերը համաշխարհային ֆուտբոլային առաջընթացի գործում: Նա շնորհակալություն է հայտնել ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինիին ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի միջև հրաշալի փոխհարաբերությունների համար: