22 մարտի 2012 - 15:45 AMT
Հարցում. Ընտրողները 2013-ի նախագահական ընտրությունների հիմնական մրցակիցներ են համարում Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին

Հայաստանի Եվրոպական ընկերների կողմից անցկացված սոցիալական հարցման արդյունքում, հարցվածների 33 տոկոսը որպես նախագահի թեկնածու տեսնում են գործող նախագահ Սերժ Սարգսյանին, 12 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Միաժամանակ, Ծառուկյանի հանդեպ վստահության մակարդակը գերազանցում է Սերժ Սարգսյանի հանդեպ վստահության մակարդակին: Ծառուկյանն այն քաղաքական գործիչն է, որի մասին ամենից շատ է հայտնի՝ հարցվածների 52 տոկոսը: 2010-ի հոտկեմբերին նույն կազմակերպության հարցման արդյունքներով այն կազմել է ընդամենը 20 տոկոս: Սերժ Սարգսյանը երկրորդ տեղում է, նրա մասին լավ հայտնի է հարցվածների 46 տոկոսին (2010-ին՝ 33 տոկոս):

Հարցաշարը կազմված էր 21 հարցից: Ըստ հարցման կազմակերպիչների, հետազոտության արդյունքների ընտրանքային սխալը ±2.4% է:

Հետազոտությունում կիրառվել է բազմաստիճան, պատահական (հավանականային) ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: IPSC և TNS opinion կազմակերպությունները կիրառված մեթոդաբանությունը համարել են լավագույնը:

Իրականացվել է 1,602 դեմ առ դեմ հարցազրույց` 2012 թ. փետրվարի 29-ից մարտի 5-ը: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 35.0%, մարզերում` 65.0 %: