22 մարտի 2012 - 16:51 AMT
Ապրիլի սկզբին ՌԴ Պետդումայում կքննարկվեն Իրանում իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները

Ռուսաստանի Պետական դուման ապրիլի սկզբին կանցկացնի «Իրանական հարցը և Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը» կլոր սեղանը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է միջազգային հարցերով Պետդումայիս հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի մասնակցությամբ իրանական խնդրի վերաբերյալ փակ նիստից հետո, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, այդ հարցն արդի է դառնում «ապրիլ-մայիս-հունիսին Իրանին հարված հասցնելու մասին ԱՄՆ և իսրայելական ղեկավարության հայտարարության» ֆոնին:

Նա նշել է, որ իրանական խնդրի կարգավորման վերաբերյալ կան տարբեր տեսակետներ: «Ոմանք ասում են, որ պետք է սովորել ապրել միջուկային Իրանի հետ, մյուսներն ասում են, որ պետք է ռմբակոծել: Կա ևս մեկ գաղափար միջանկյալ կարգավիճակի մասին, օրինակ Ճապոնիան ունի միջուկային մշակումներ, բայց նա զենք չի ստեղծում»,- ասել է հանձնաժողովի ղեկավարը և հավելել, որ իր կարծիքով Ճապոնիայի օրինակը «ընդունելին տարբերակ է»: