22 մարտի 2012 - 18:11 AMT
Անվանի ջութակահար Անտոն Սորոկովը ելույթ կունենա Երևանում

Անվանի ջութակահար Անտոն Սորոկովը (Ավստրիա) մարտի 23-ին ելույթ է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) հետ: Համերգը տեղի է ունենալու «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ջութակահարը ներկայանալու է համերգի առաջին հատվածում և նվագախմբի հետ երաժշտասերների դատին է հանձնելու Բեթհովենի ջութակի կոնցերտը: Համերգի երկրորդ մասում նվագախումբը ներկայացնելու է Մոցարտի 36-րդ սիմֆոնիան: Անտոն Սորոկովը ծնվել է 1978 թ-ին` Մոսկվայում: 4 տարեկանում մորից ստացել է ջութակի առաջին դասերը:

1991 թ-ին տեղափոխվել է Վիեննա: Ավարտել է Վիեննայի երաժշտության և թատերական արվեստի համալսարանը: Երիտասարդ ջութակահարը ելույթ է ունեցել Վիեննայի, Բերլինի, Նյուրնբերգի Լոնդոնի, Մոնպելյեի, Սանկտ-Պետերբուրգի և այլ հեղինակավոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ:

Սորոկովը Չեխիայում արժանացել է Բեթհովենի անվան մրցույթի առաջին տեղին և գրան պրիին, ինչպես նաև Իտալիայի Բրեշիա քաղաքում անցկացվող Ռոմանինիի մրցույթի առաջին մրցանակին:

2003-2005 թ-ին եղել է Նյուրնբերգի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը: 2011 թ-ից ջութակահարը Վիեննայի երաժշտության և թատերական արվեստի համալսարանի պրոֆեսոր է:

Անտոն Սորոկովը նվագում է 1741 թ-ի Գվարներիի ջութակի վրա: