22 մարտի 2012 - 19:29 AMT
Կասահուն Դենդեր Մելիս. Եթովպիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ

Մարտի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Եթովպիայի նորանշանակ դեսպան Կասահուն Դենդեր Մելիսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդներին միավորում են պատմական, մշակութային կապեր, կրոնական ընդհանրություններ, որոնք լավ հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարը հաջողություններ մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ձևավորմամբ և զարգացմամբ, և վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ գործընկերության խթանման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, տնտեսական փոխգործակցության և մշակութային կապերի ակտիվացումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումների, Հարավային Կովկասում ընթացող գործընթացների շուրջ: