ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՃԱՆԱՉԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԿԱԽ ՊԵՏՈւԹՅՈւՆ

Մինսկի խմբի համանախագահները գտնում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում ամենեւին էլ պարտադիր չէ կիրառել տարածքային ամբողջականության սկզբունքը:

Ռուսաստանի նախագահի այցը Փարիզ հերթական տհաճ անակնկալը մատուցեց Ադրբեջանին: Արդյունքների ամփոփման միասնական մամլո ասուլիսում արված Ժակ Շիրակի հայտարարությունն ըստ էության նշանակում է, որ Ֆրանսիան հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ նրա միացումը Հայաստանին: Ֆրանսիայի առաջնորդը ակնարկել է, որ պաշտոնական Փարիզը մտադիր չէ ընդունել Ադրբեջանի ինքնավարությունը Ղարաբաղի նկատմամբ` սրանով կանխատեսելով բանակցությունների ընթացքը: Ժակ Շիրակը շեշտել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման սկզբունքների հանդեպ Վլադիմիր Պուտինի մոտեցումներրը նույնպես համընկնում են:
PanARMENIAN.Net - Ռուսաստանը եւ Ֆրանսիան անտեղի են համարում Ղարաբաղի եւ Չեչնիայի միջեւ զուգահեռներ անցկացնելը: Ժակ Շիրակը նշել է, որ եթե «Չեչնիայի դեպքում խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի համաձայն, ապա «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում պետք է ընկած լինի Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհամաձայնությունը»: Այսինքն, Չեչնիան միանշանակ դիտվում է Ռուսաստանի մի մասը, իսկ Ղարաբաղը, որոշ հանգամանքներ հաշվի առնելով, լիովին կարելի է ինքնիշխան պետություն ճանաչել կամ` Հայաստանի մարզերից մեկը: Սա կարելի էր պարզապես դիտել եվրոպական երկու պետության քաղաքական իշխանության տեսակետ, եթե հաշվի չառնեինք այն փաստը, որ թե' Ռուսաստանը եւ թե' Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահներն են: Միջնորդական առաքելությունը, որը միջազգային հանրությունը վստահել է Փարիզին եւ Մոսկվային, նշանակում է, որ այս պետությունների դիրքորոշումներն արտահայտում են այն սկզբունքները, որոնց հիման վրա ընթանում է հակամարտության կարգավորման գործընթացը: Եթե Շիրակը եւ Պուտինը թույլ են տալիս իրենց բարձրաձայն խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման ոչ անհրաժեշտության մասին, նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցությունների հիմքում ընկած է լինելու ազգային ինքնորոշման իրավունքը:

Այս հանգամանքը լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում: Ահա ինչ է գրում այդ մասին Բաքվում հրատարակվող «Զերկալո» թերթը. «Ղարաբաղյան խնդրի հանդեպ գերտերությունների մոտեցումները արմատապես տարբերվում են նմանանատիպ հակամարտությունների հանդեպ նրանց վերաբերմունքից, եւ ի վնաս Ադրբեջանի: Ադրբեջանի հետ ոչ ոք հաշվի չի նստում: Մեզ նույնիսկ Վրաստանի եւ Մոլդովայի հետ մի շարքում չեն դասում... Վերջին շրջանում մեր արեւմտյան ընկերներն ակնարկում են, որ ղարաբաղյան խնդրի լուծումը կարելի է գտնել չպահպանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եթե նմանատիպ հայտարարությունները դառնում են սովորական երեւույթ, ապա նշանակում է, որ միջազգային ասպարեզում Ադրբեջանի դիրքերն իրոք շատ թույլ են»...

Ադրբեջանի քաղաքական էլիտան սպասվելիք վտանգից ազատվելու միջոցներ է փնտրում: Միլի մեջլիսի պատգամավոր, «Յուրդդաշ» կուսակցության առաջնորդ Մաիս Սաֆարլին, օրինակ, առաջարկում է անվստահության քվե ներկայացնել Փարիզին եւ Մոսկվային: «Հասունացել է Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանին եւ Ֆրանսիային փոխելու անհրաժեշտությունը, որոնք մշտապես հանդես են գալիս հայկական կողմին մոտ դիրքորոշումներով եւ այս կամ այն կերպ պաշտպանում են Երեւանին: Մինսկի խմբի կազմը պետք է փոփոխվի: Համանախագահներ պետք է դառնան ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան»:

Նշենք, որ պարոն Սաֆարլին կարծես թե ոչ մի առարկություն չունի Վաշինգտոնի դեմ: Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ նահանգների դիրքորոշումը գրեթե նման է Ֆրանսիայի եւ Ռուսաստանի մոտեցումներին: Այս մասին է մասնավորապես վկայում ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինայի վերջերս տրված հարցազրույցը: Հիշեցնենք, որ ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի վերլուծաբանի հետ զրույցի ժամանակ Փերինան հայտարարել է, որ հնարավոր է Ղարաբաղին տալ անկախ կարգավիճակ: «Միջազգային հանրությունը պատրաստ չէ որպես անկախ պետություն ճանաչել ո'չ Հարավային Օսիան, ո'չ Աբխազիան, ո'չ էլ Մերձդնեստրը: Լեռնային Ղարաբաղի խնդիրը մի փոքր այլ է»,- նշել է դիվանագետը: Շարունակելով այս միքտը` խաղաղարարը պարզաբանել է. «Մենք ենթադրում ենք, որ միջազգային հանրությունը չի ճանաչի Մերձդնեստրը կամ Աբխազիան: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այս դեպքում բանակցություններ են ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մենք` միջնորդներս, փորձում ենք կողմերին օգնել լուծումներ գտնելու»: Այսինքն, Մինսկի խմբի երրորդ համանախագահը նույնպես գտնում է, որ անթույլատրելի է նախապես կանխատեսել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը եւ բացառել վաղուց արդեն դե-ֆակտո կայացած ղարաբաղյան պետության ինքնավարության ճանաչումը:

Ակնհայտ է, որ համանախագահ անձերից իրականում ավելի քիչ բան է կախված, քան թվում է Բաքվի քաղաքական գործիչներին: Ով էլ չստանձնի միջնորդական դերը, նա ստիպված պետք է լինի հաշվի նստել այն փաստի հետ, որ ե'ւ իրավական, ե'ւ քաղաքական ե'ւ պատմական համատեքստում ղարաբաղցիները անհերքելի հիմքեր ունեն աշխարհի կողմից որպես անկախ պետություն ճանաչվելու:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---