Հայ քաղաքական գործիչները բավական սուր են արձագանքել Թուրքիայի հայտարարություններին և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին

Մայիսի 17-21-ը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

Հայաստանում քաղաքական շաբաթը սկսվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իրան, այնուհետև Ադրբեջան կատարած այցի նկատմամբ հայ խորհրդարանականների արձագանքից: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, մեկնաբանելով Իրանի խաղաղ միջուկային ատոմի շուրջ ստորագրված համաձայնությունը Թուրքիայի, Բրազիլիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների միջև ասել է, որ պետք չէ զարմանալ Թուրքիայի և Իրանի համագործակցության վրա, քանի որ այդ երկու երկրներն արդեն մի քանի հարյուրամյակ խոշոր ռազմավարական գործընկերներ են` մրցակիցներ տարածաշրջանում: Նրա խոսքերով, Անկարայի և Թեհրանի հարաբերություններում գերիշխում է համագործակցության միտումը, քանի որ երկրները միմյանց կարիքն ունեն: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի այցին Ադրբեջան` Արամ Սաֆարյանն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի վերաբերյալ միանշանակ է: «Անկարան պետք է ավելի հավասարակշիռ քաղաքականություն ցուցաբերի Հարավային Կովկասում և չղեկավարվի Ադրբեջանի շահերով»,- ասել է Սաֆարյանը:

PanARMENIAN.Net - Իր հերթին, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարել է, որ Թուրքիան ոչ մի ձևաչափում չի կարող մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նրա խոսքերրով, հայկական կողմն արդեն մի քանի անգամ կոշտ պատասխան է տվել Թուրքիային, որը ցանկանում է ամեն գնով միջամտել տվյալ գործընթացին: Անդրադառնալով Թուրքիայի և Իրանի հարաբերություններին և Թուրքիայի` գերտերություն դառնալու մտադրությանը` Ավագյանն ասաց, որ դա անհնար է, քանի որ Թուրքիան ոչ վաղ անցյալում այդպիսի փորձ կատարել է, առաջարկելով «կովկասյան պլատֆորմ», որն այդպես էլ կյանքի չի կոչվել:

Այս հարցի շուրջ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ եթե Թուրքիային հաջողվի տարածաշրջանային տերություն դառնալ, դա կանդրադառնա Հայաստանի ազգային անվտանգության վրա: «Չնայած Թուրքիայի ջանքերին, ես չեմ կարծում, թե նրան կհաջողվի դա անել, քանի որ երկրի ներսում առկա խնդիրները շատ են: Ես չեմ կարծում նաև, որ գերտերությունները թույլ կտան, որպեսզի Անկարայի դերը տարածաշրջանում մեծանա»,-ասել է Մարտիրոսյանը: Իրանի, Բրազիլիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների ստորագրած Իրանի խաղաղ նպատակներով ատոմի օգտագործման համաձայնագիրը միայն կարող է թուլացնել Իրանի շուրջ եղած լարվածությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցելիս ասել է իրանագետ Սևակ Սարուխանյանը: Նրա խոսքերի համաձայն, այն, որ Թեհրանը համաձայնել է Թուրքիայի տարածքում հարստացնել ուրանը, արմատապես չի ազդի Հարավային Կովկասի վրա:

Մայիսի 18-ին Հայաստանի նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ալեքսանդր Արզումանյանը Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է, որ այս պահի դրությամբ ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով բացառված է, սակայն երբեք չի կարելի ասել` երբեք: Ըստ նրա, շատ բան կախված է ուժերի հարաբերակցությունից տարածաշրջանում: «Չեմ կարծում, որ կողմերին ձեռնատու է խախտել այն հավասարակշռությունը տարածաշրջանում, որը ձևավորվել է վերջին տարիներին»,-ասել է Արզումանյանը: Արզումանյանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է: «Եթե Մոսկվան ցանկանա, որ կարգավորումն արագանա, ապա այն կարագանա»,-ասել է ՀԱԿ-ի անդամը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ, ոչ միայն Ղարաբաղի ճակատագիրն է լուծվում իրենից անկախ, այլ նույն վիճակում է գտնվում նաև Հայաստանը: Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին` Արզումանյանն ասել է, որ այսօր Մոսկվան ու Անկարան չափազանց կարևոր` ռազմավարական համագործակցության հարց են լուծում, որտեղ Հայաստանը կարող է մանրադրամի ճակատագիր ունենալ:

Նույն օրը ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ Ընտրական օրենսգրքում: Ըստ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, ուղղումներն առաջարկել է Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը` GRECO:

Մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանում քննարկվել է ՀՀ «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր Հայաստանի կառավարությունը: Ներկայացված օրինագիծը հետապնդում է ռադիոյի և հեռուստատեսության բնագավառի բարելավման նպատակ` թվային հեռարձակման միջոցով: Այս մասին ՀՀ ԱԺ նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը: Ըստ Թումասյանի, ռադիոյի և հեռուստատեսության բարելավումն ընթանալու է երկու փուլով` թվայնացման, որը տևելու է մինչև 2015 թ. և զարգացման: Փոխնախարարն ասել է նաև, որ օրինագիծը նախատեսում է առաջին փուլում կրճատել Հայաստանի հեռուստաընկերությունների թիվը` 22-ից հասցնելով 18-ի:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն օրինագիծը համարել է անընդունելի և հայտարարել է, որ կառավարությունը այն պետք է հետ կանչի, քանի որ դրա ընդունումով Հայաստանի իշխանությունները համընդհանուր վերահսկողություն են սահմանում հոռուստաեթերի նկատմամբ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԽ ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնման դեմ, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է իրականանա միայն ԵԽԽՎ ՄԽ շրջանակներում: Այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Եթե Չավուշօղլուին, համենայնդեպս, հաջողվի «վերակենդանացնել» ենթահանձնաժողովը, ապա ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն, անշուշտ, պետք է բոյկոտի դրա աշխատանքը», - հայտարարել է պատգամավորը; Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը այսպես կոչված «օկուպացված» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման մասին, Իլհամ Ալիևին հիշեցրեց, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: «Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար ադրբեջանական կողմն առաջին հերթին պետք է դուրս բերի զորքերը իր կողմից բռնակցված Շահումյանի ու Գետաշենի տարածքներից և պայմաններ ստեղծի հայ փախստականների վերադարձի համար»,- նկատեց պատգամավորը: ՀՀ ԱԺ մայիսի 19-ի նիստում քննարկվել է ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մաիսն օրինագիծը: Օրինագիծը ներկայացրել էր Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգություն» կուսակցությունից: «Կողմ» քվեարկել է 19 պատգամավոր (ՀՅԴ և «Ժառանգություն»), դեմ` կոալիցիան: Օրինագիծը, որը պատգամավորների մեծամասնությամբ մերժվեց, ենթարդրում էր իշխանությունների և ընդդիմության հավասար ներկայաություն ընտրական հանձնաժողովներում: Առաջարկվում էր նաև չբարձրացնել գովազի գինը նախընտրական արշավի ընթացքում, ինչպես նաև ընտրություններից հետո հրապարակել քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:

Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի պատվիրակությանը` նահանգապետ Ալեքսեյ Չեռնիշովի գլխավորությամբ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ նրանց այցը կնպաստի կապերի ընդլայնմանն ու ակտիվացմանը: Հովիկ Աբրահամյանը փաստեց, որ հայ- ռուսական համագործակցության կարեւոր ուղղություններից է տարածաշրջանների միջեւ կապերի զարգացումը: Օրենբուրգի նահանգապետը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ներկայացրեց մարզի տնտեսական վիճակն ու հնարավորությունները, նշելով, որ փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան:

«Տեղեկատվությունն այն մասին, որ հայ-թուրքական գործընթացի կարգավորման նոր փաստաթուղթ կարող է հայտնվել, ամբողջությամբ սուտ է, որը նույնիսկ հարկ չկա մեկնաբանել»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Երևանում իր արգենտինացի պաշտոնակից Խորխե Տայանայի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նա հերքել է նաև թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր Թուրքիայի մասնակցությամբ բանակցություններ են ընթանում ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն երկու ազատագրված շրջաններից (Քելբաջարից ու Լաչինից) դուրս բերելու մասին:

Եվրախորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունած դրույթները, որոնք վերաբերվում են ղարաբաղյան հակամարտությանը, չեն համապատասխանում ոչ Մադրիդյան սկզբունքներին, ոչ Ակվիլայում արված հայտարարություններին, ոչ էլ Մայնդորֆյան հռչակագրին: Այդ մասին Արգենտինայի ԱԳ նախարար Խորխե Տայանայի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Միաժամանակ նա նշեց, որ դրա պատճառն այն հանգամանքն է, որ բանաձևի հեղինակը երբեք չի եղել Ղարաբաղում և չի խորհրդակցել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ:

Հարավային Կովկասի վերաբերյալ Եվրախորհրդի ընդունած բանաձևը, որում ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հայկական կողմի համար բացասական դրույթներ կան, «Ժառանգություն» կուսակցության համար անընդունելի է: Այդ բանաձևը ՀՀ խորհրդարանական պատվիրակության պասիվ աշխատանքի արդյունք է: Այս մասին ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերի համաձայն, բանաձևում կա նաև անհեթեթ կետ, որը հիմնված է բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի զեկույցի վրա, որում նա հայտնել է ընդամենը իր անձնական կարծիքը: «Այս դրույթից պարզ է դառնում, որ բուլղարացի պատգամավորը ծանոթ չէ ղարաբաղյան հիմնախնդրին: Դա իր կարծիքն է, որը հայկական կողմի համար չի կարող ունենալ որևէ հետևանք», - նշել է նա:

Եվրախորհրդարանի բանաձևը Ղարաբաղի վերաբերյալ թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվ քարոզչության արդյունք է: Չնայած նրան, որ փաստաթուղթը խորհրդատվական բնույթ է կրում, այն, առաջին հերթին, որոշակի, հայկական կողմի համար անբարենպաստ մթնոլորտ է ձևավորում: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է ուղարկել Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին, որում մասնավորապես նշված է. «Հարգելի պարոն նախագահ, երեկ, մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին», որում տեղ գտած որոշ դրույթների մասին մտահոգություններս ցանկանում եմ հայտնել սույն նամակով: Այս կարգի մոտեցումը վնաս է հասցնում Եվրոպական Խորհրդարանի հեղինակությանը և լուրջ բացասական ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա»:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---