Լատվիան ղարաբաղյան հակամարտության հարցում գրավում է չեզոք դիրք

PanARMENIAN.Net - «Լինելով Եվրամիության նոր երկիր, մենք միանում ենք ԵՄ դիրքորոշմանը եւ ողջունում ենք Հարավային Կովկասի երկրների ցանկությունը տեսնել տարածաշրջանում խաղաղություն եւ ժողովրդավարության ամրապնդում»,- հայտարարել է այսօր Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Նա ողջունել է նաեւ ԵՄ նախաձեռնությունը կապված Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությանն ուղղված գործողությունների Ծրագրի մշակման հետ: Վայրա Վիկե-Ֆրեյբերգան տեղեկացրեց, որ այսօր երկու երկրների նախագահների կողմից ստորագրված փաստաթղթերը հնարավորություն կընձեռեն Հայաստանին եւ Լատվիային համագործակցել որոշ կարեւոր ուղղություններում: «Բանակցությունների ընթացքում մենք համաձայնվեցինք, որ կարեւոր կլիներ ընտրել մի քանի կոնկրետ ուղղություններ եւ կենտրոնանալ այնպիսի ոլորտներում համագործակցության վրա, որոնքկառաջացնեն փոխադարձ հետաքրքրություն: Լինելով փոքր երկրներ, սահմանափակ տարածքներով եւ պաշարներով, մենք պետք է հաշվի առնենք դա, հասկանանք եւ կենտրոնացնենք մեր ուժերը երկկողմ համագործակցության ուղղությամբ», -նշել է Լատվիայի նախագահը: Նա հայտնել է, որ ժամանել է «շատ կարեւոր պատվիրակության կազմում, որի մեջ մտնում են 5 նախարարությունների ներկայացուցիչներ», որը մասնակցություն կունենա գործարար համաժողովում Հայաստանի եւ Լատվիայի միջեւ գործարար համագործակցության շրջանակներում: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի Լատվիան ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, Վայրա Վիկե-Ֆրեյբերգան հայտարարեց, որ «Լատվիան լիովին համաձայն է Եվրամիության կարծիքի հետ, որը այդ հարցում ընդունել է չեզոք դիրք»: «Մենք իհարկե հավատարիմ ենք պետության տարածքային անձեռնամխելիության սկզբունքին, ընդ որում չնավազեցնելով ժողովուրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,-հայտարարել է Լատվիայի նախագահը: Նա նշել է նաեւ, որ վերջին տարիներին միջազգային ասպարեզում մեծ ուշադրություն է դարձվում տարածքային անձեռնամխելիության սկզբունքին, սակայն ինչ վերաբերվում է այս դեպքին, ապա «Լատվիան ողջունում է խաղաղ բանակցությունները եւ կաջակցի այդ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբին»: «Մենք կարեւորեցնում ենք, որպեսզի բանակցությունները շարունակվեն խաղաղ, այլ ոչ թե ռազմական ճանապարհով: Այս հարցում Լատվիան ունի այնպիսի դիրքորոշում, ինչպիսի եւ ԵՄ»,- հայտարարել է Վայրա Վիկե-Ֆրեյբերգան: Լատվիայի նախագահը նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան եւ նա հուսով է, որ «հնարավորություն կունենա պարզ պատկերացում կազմել այն երկրի մասին, որի մասին այդքան շատ կարդացել է»:
 Ուշագրավ
Վարչապետը ստորագրել է համապատասխան որոշումները
Նոյեմբերի 23-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով