Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը նպատակ ունեն կանխարգելել ցեղասպանությունները ապագայում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Իսրայելի խորհրդարանի (քնեսետ) երկու պատգամավորներ, Համաուկրաինական հրեական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչը, ռաբբիներ, այլ պաշտոնյաներ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամլո ծառայությունը: Պատվիրակությունը մեր երկրում է գտնվում այս տարվա մայիսին հայաստանյան պատվիրակության Երուսաղեմ կատարած ուխտագնացության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կատարված հրավերի համաձայն: Այցն իրականացվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ Համաուկրաինական հրեական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչի աջակցությամբ: Վարչապետը Իսրայելի գլխավոր ռաբբիի այցը մեր երկիր նա կարեւոր է համարել, ընդգծելով, որ դա մեր ժողովուրդների պատմության մեջ հրեական կրոնապետի առաջին այցն է Հայաստան եւ, մասնավորապես, անկախ Հայաստանի Հանրապետություն: Նշելով երկու ժողովուրդների ու պետությունների միջեւ գոյություն ունեցող պատմական ընդհանրությունները` պետականության կորուստ, աշխարհասփյուռ համայնքներ, ցեղասպանություն, պետականության վերականգնում եւ այլն, Անդրանիկ Մարգարյանն արտահայտվել է երկկողմ կապերն ու հարաբերություններն առավել սերտացնելու, պատմությունից դասեր քաղելու եւ միասնաբար երկու ժողովուրդների ու պետությունների արժանապատիվ ապագայի կառուցմանն ուղղված համագործակցություն ծավալելու օգտին:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ եթե XX դարասկզբին` 1915-23թթ. կատարված Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր համաշխարհային հանրության կողմից, ապա հետագայում հրեական Հոլոքոստն, անկասկած, տեղի չէր ունենա: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ, այլ ուղղված է այսուհետ նման ոճրագործությունների կանխարգելմանը: Ըստ նրա, պատահական չէր, որ մի շարք հրեաներ ինչպես Իսրայելից, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված երեւանյան համաժողովին, դատապարտեցին մարդկության դեմ ուղղված այդ մեծ ոճիրն ու իրենց զորակցությունը հայտնեցին:



Վարչապետը նշել է, որ հայ-հրեական հարաբերությունների զարգացման համար միաժամանակ լավ հիմք է այն, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ չկան կրոնական եւ ազգային խտրականության, ինչպես նաեւ հակասեմիտիզմի դրսեւորումներ, ինչը, ըստ նրա, մեր ժողովուրդների կարեւոր ձեռքբերումներից է եւ նպաստավոր պայմաններ է ստեղծում հայերի ու հրեաների համերաշխ գոյակցության համար: Իսրայելի գլխավոր ռաբբիի այս այցը Հայաստան վարչապետը կարեւորել է նաեւ երկու եկեղեցիների միջեւ հարաբերությունների սերտացման տեսանկյունից, ինչը, ըստ նրա, կարեւոր է աշխարհասփյուռ համայնքներ ունեցող ժողովուրդների համար: Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի հրեական համայնքի մասնակցությունը մեր երկրի հասարակական, քաղաքական կյանքին, ընդգծելով, որ նրանք` լինելով Հայաստանի օրինապահ քաղաքացիներ, ինչպես սփյուռքահայ համայնքները, երբեք չեն մոռանում իրենց պատմական անցյալն ու մայր հայրենիքը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ հրեական պատվիրակության այցը խթան կհանդիսանա նաեւ երկու պետությունների միջեւ հարաբերությունների սերտացման համար. «Ցանկալի է, որ երկու եկեղեցիների միջեւ հաստատված երկխոսությունը փոխանցվի նաեւ մեր կառավարություններին»,- նշել է Անդրանիկ Մարգարյանը, քանի որ, ըստ նրա, մի բան է, երբ պատմական, ազգային կարեւորագույն խնդիրների շուրջ վերաբերմունքը ձեւավորվում ու արտահայտվում է հոգեւոր ոլորտում, եւ մի այլ բան, երբ այն փոխադրվում է գործնական քաղաքականության ոլորտ ու իրական արդյունքներ է ունենում: ՀՀ վարչապետը նշել է, թե երկու երկրների քաղաքական կամքից է կախված հնարավորինս շուտ մոտեցնելու այն պահը, երբ պետությունները կկարողանան գործնական համագործակցություն ծավալել ինչպես միջազգային, տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ կապերի զարգացման ուղղություններով:



ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ինքը հասկանում է յուրաքանչյուր կոնկրետ երկրի կողմից այս պահին Հայոց ցեղասպանության ճանաչման ընթացքի քաղաքական խոչընդոտները, որոնք հաճախ կարող են պայմանավորված լինել տարածաշրջանային քաղաքական գործընթացներով ու կարող են առաջիկայում փոխվել, սակայն, ըստ Անդրանիկ Մարգարյանի դա չի կարող խանգարել երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նա հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է Իսրայելի հետ քննարկել համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները` թե՛ տնտեսական եւ թե՛ մշակութային, գիտական ու այլ բնագավառներում:



Շնորհակալություն հայտնելով Հայաստանում պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը խոսել է հայ եւ հրեա ժողովուրդների ճակատագրերի ընդհանրության մասին, ընդգծելով, որ մենք ունենք պատմական այնպիսի ընդհանրություններ, որոնք մեր ժողովուրդների հարաբերությունները դարձնում են բարեկամական ու եղբայրական: Համաձայնելով վարչապետի այն տեսակետին, որ Հայաստանում չկան հակասեմիտիզմի դրսեւորումներ, Յոնա Մեցգերը վստահություն է հայտնել, որ ինչպես հայկական համայնքը Իսրայելում, այնպես էլ հրեական համայնքը Հայաստանում այսուհետ եւս կշարունակեն ապրել հաշտ ու խաղաղ, նպաստելով երկու ժողովուրդների ու պետությունների համագործակցության հետագա սերտացմանը: Նշելով, որ քաջ պատկերացնում է մեր պետության ու ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրները ոչ բարեկամաբար տրամադրված հարեւան երկրների գոյության պայմաններում, Իսրայելի գլխավոր ռաբբին ընդգծել է, որ չնայած դրան, իր տպավորությամբ, Հայաստանը վերջին տարիներին, թե՛ տնտեսական կյանքի, եւ թե՛ ընդհանուր բարեփոխումների տեսակետից առաջընթաց է ապրում, ինչն ակնհայտ է:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---